ԼԵՀ ՋԱԶ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԼԵՇԵԿ ՄՈԺՋԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷՐ
Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ լեհ ջազ դաշնակահար և երգահան ԼԵՇԵԿ ՄՈԺՋԵՐԸ հանդես եկավ մենահամերգով:
Համերգը կայացավ Սոպոտի քաղաքապետի, Սոպոտի արվեստի պետական պատկերասրահի, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Սա Մոժջերի առաջին հյուրախաղային այցն էր Հայաստան: Նա հայտնի է դասական ստեղծագործությունները ջազային մեկնաբանությամբ հմտորեն մատուցելու իր տաղանդով: Երեկոյի ընթացքում վիրտուոզ դաշնակահարի կատարմամբ հնչեցին Շոպենի, Բախի, Պրոկոֆևի, Կոմեդայի որոշ ստեղծագործությունների ջազային մեկնաբանություններ, ինչպես նաև իր իսկ կողմից հեղինակված մի քանի գործեր:
Լեշեկ Մոժջերը ծնվել է 1971թ-ին Գդանսկ քաղաքում: Նա համարվում է լեհական ջազ երաժշտության վերջին տասնամյակի ամենամեծ բացահայտումը: Նրա կատարումներին ուղեկցում է անսովոր երաժտական երևակայությունը և յուրահատուկ մեկնաբանման զգայունությունը: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Մոժջերը համագործակցել է բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների հետ, այդ թվում՝ Յան Կաչմարեկի հետ (ձայնագրություններ «20th Century Fox» և «Mira Max» կինոարտադրությունների համար): 2012թ-ին Մոժջերը որպես առաջին լեհ ընտրվել է Montreux Jazz Piano դաշնամուրային միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ: Լեշեկ Մոժջերը հանդես է եկել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Չիլիում և այլուր:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ