ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՉԳԻՏԵՄ` ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՓՈԽՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ»
Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանից այսօր լրատվամիջոցները հետաքրքրվեցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ԱԷԿ-ում, ինչու է տնօրենն ազատվել, իսկ փոխտնօրենը` ձերբակալվել: «Դե ես ավելացնելու բան չունեմ, թերթերում եմ կարդացել»,- ասաց պրն Գալստյանը:
«Ինչու որեւէ պարզաբանում նախարարությունը չի ներկայացնում,- հետաքրքրվեց «Իրավունքի» լրագրողը:
«Այդ գործով զբաղվում են համապատասխան մարմինները: Խոսքը գնում է կոմերցիոն տնօրենի մասին: Մինչեւ ուսումնասիրությունները չավարտվեն, ոչինչ չենք կարող ասել»,- պատասխանեց պաշտոնյան:
Էներգետիկայի փոխնախարարին լրագրողները հիշեցրին, որ ազատված տնօրենն ու ձերբակալված փոխտնօրենը, ըստ տարածված տեղեկությունների, էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի մտերիմներն են եղել: «Նշանակված տնօրենը նախկինում եղել է գլխավոր ինժեներ: Չգիտեմ, թե ինչ կապ ունեն Արմեն Մովսիսյանի հետ»,- պատասխանեց Էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարարը:
Մեր մյուս դիտարկմանը, եթե մամուլը չբարձրաձայներ խնդրի մասին, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը ոչ մի հայտարարություն չէ՞ր տարածելու: «Թերթերը գրեցին, երբ արդեն հրապարակում եղավ, որ փոխտնօրենը ձերբակալվել է»,- հակադարձեց նախարարության ներկայացուցիչը:
Արդյոք փոխնախարարը կասկած չի ունեցել, որ ատոմակայանի փոխտնօրենը չարաշահումներ է թույլ տվել ասաց. «Ես զբաղվում եմ իմ գործով, իմ ոլորտին չեն առնչվում այդ չարաշահումները»,- եզրափակեց Արեգ Գալստյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ