ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ.ԱՅՍՊԻՍԻ ՀՈՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՎԵՐՋԻՆ 15 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց 2014 թվականը. ՙԱյս տարին մեզ համար հաջողությունների տարի էր: Երիտասարդների աշխարհի առաջնությունում ունեցանք բացառիկ հաջողություն՝ կանանց մրցաշարում աշխարհի չեմպիոն՝ Անուշ Գրիգորյանը: Պատանեկան Օլիմպիական խաղերում Նարեկ Մանասյանը նվաճեց բրոնզե մեդալ: Մեծահասակների հավաքականը մասնակցել է 6 միջազգային մրցաշարերի, որտեղից բերել ենք 25 մեդալ՝ 7 ոսկե, 10 արծաթե եւ 8 բրոնզե: Սա եւս բացառիկ արդյունք է մեզ համար: Սա լուրջ հայտ է 2015 թվականին օլիմպիական վարկանիշային մրցաշարերին միավորներ եւ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար: Այս տարի պասիվ էր մեծահասակների հավաքականը: Մեծահասակները չունեին պաշտոնական մրցաշարեր: Մենք 2015-ին կունենանք երկու անգամ ավելի մրցաշարեր: Այդպես որոշել է ԱԻԲԱ-ն եւ մրցաշարերը կլինեն օլիմպիական վարկանիշային: Նորմալ է, որ լավագույն տասնյակից մեր մարզիկները բացակայում են՚,- ասաց ֆեդերացիայի նախագահը: Արթուր Գեւորգյանի խոսքով նման հաջողություն հայկական բռնցքամարտի պարտմության մեջ չէր գրանցվել վերջին 15 տարիների ընթացքում:
2015-ին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական ամառային խաղերին մասնակցելու մասին պարոն Գեւորգյանն ասաց. ՙՑանկանում եմ, որ ունենանք այն ուղեգիրը, որը դառնալու է Օլիմպիական մեդալ: Մեր այն բռնցքամարտիկները, ովքեր կնվաճեն օլիմպիական ուղեգիր, կգնան օլիմպիական մեդալի հետեւից: Ես չեմ ընդունում, երբ Օլիմպիական խաղերում մարզիկները կարեւորում են զուտ մասնակցությունը: Բռնցքամարտի ֆեդերացիայում այդ գաղափարախոսությունը չկա: Օլիմպիական խաղերը տուրիզմ չէ՚: Արթուր Գեւորգյանը անդրադառնալով Օլիմպիական վարկանիշներ ձեռք բերելու հնարավորություններին եւ ուղեգիր նվաճելու հեռանկարներին նշեց. ՙԲավական բարդ ու վստանգավոր է Բաքվի խաղերին մասնակցելու հարցը: Մենք գիտենք՝ ինչ երկրի մասին է խոսքը եւ վստահել, թե իրենք կապահովեն մեր մարզիկների անվտանգությունը, չենք կարող: Բռնցքամարտիկները կմասնակցեն, թե՝ ոչ, որոշումը ֆեդերացիայինն է: Մենք որոշում կկայացնենք, ունենք ուժեղագույն մարզիկներ, որոնք ծնողներն ուղղակի հրաժարվում են իրենց երեխաներին թույլ տալ մասնակցել Բաքվի խաղերին: Մենք պետք է միասնական որոշում կայացնենք: Նման մթնոլորոտում գնալ եւ փայլուն արդյունքներ ունենալը շատ բարդ է: Այս պահին մենք չունենք այնպիսի մարզիկ, ով ուղղակի ՙթքած կունենա՚ այնտեղ տիրող մթնոլորտի վրա եւ լավ արդյունք կբերի: Իսկ մասնակցել խաղերին եւ առանց արդյունքների վերադառնալը մերը չէ՚: Անդրարդարձ եղավ նաեւ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի աշխատանքին, ֆեդերացիայի նախագահը նշեց, որ գոհ է թիմի մարզչի կատարած աշխատանքից. ՙԴավիթ Թորոսյանի աշխատանքից գոհ եմ: Մենք շարունակում ենք աշխատել նրա հետ: Թորոսյանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ Oլիմպիական խաղերը: Ժամանակը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Մարզիկները վտահում են Դավիթ Թորոսյանին: Նոր մարտավարություն ենք որոշել մյուս մարզիչների հետ: Նրանց հետ մենք կաշխատենք ռոտացիոն համակարգով: Եթե մրցաշրջանի վերջում քննարկվի եւ մարզիչի աշխատանքը գոհացնի ֆեդերացիային, նա կշարունակի աշխատանքը, եթե ոչ՝ հնարավորություն կտրվի մյուս, երիտասարդ մարզիչներին: Մեր որդեգրած քաղաքականությունը կարծես տալիս են արդյունքներ: Ինձ հաջողվել է մի կարեւորագույն խնդիր լուծել այս տարի եւ վերականգնել արդարություն մրցավարական դաշտում: Մենք հրավիրեցինք միջազգային մրցավարների, ովքեր չէին ճանաչում մեր մարզիկներին եւ անարդարություն չէին կարող անել: Եթե մրցավարները պարբերաբար մարզիկներին օգնեն դառնալ չեմպիոն, այդպես մենք մարզիկին միայն վատություն ենք անում՚,- ասաց Արթուր Գեւորգյանը: Հանդիպման ընթացքում պարզեցինք, որ 2014թ. Հայաստանի լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել գյումրեցի Արման Հովիկյանը, ում ցուցադրած արդյունքներին հատուկ անդրադարձավ ֆեդերացիայի նախագահը.ՙՆա մասնակցել է չորս միջազգային մրցաշարի եւ ամեն տեղ 4 հաղթանակ է ունեցել: Նոկաուտով եւ նոկդաուններով հաղթել է այնպիսի մրցակիցների, որը շոկ է առաջացրել բոլորի մոտ: Նա այն մարզիկներից է, ով չէր համարվում հավաքականի հիմնական կազմի անդամ: Տվեցինք նրանք հնարավորություն այս մրցաշրջանում եւ մարզիկը փայլեց: Ես պրոֆեսիոնալ դաշտից եմ եկել ֆեդերացիա: Ինձ համար կարեւորը մեդալների քանակը չէ, կարեւորն այն է, թե տարվա ընթացքում ում են հաղթել մեր բռնցքամարտիկները: Իրենց հակառակորդների որակի մասին է խոսքը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, ոչ թե մրցաշարը հաղթելով են դառնում աշխարհի չեմպիոն, այլ չեմպիոնին հաղթելով են դառնում աշխարհի չեմպիոն: Սա ճիշտ սկզբունք է՚-նշեց պարոն Գեւորգյանը:
Ասուլիսի վերջում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը «Մրցաշրջան-2014»-ը լավագույնս լուսաբանելու համար շնորհակալագրերով պարգեւատրեց մի քանի լրատվամիջոցների, այդ թվում՝ Iravunk.com-ին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ