ՈՉ ԹԵ ՀՐԵՇ, ԱՅԼ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ
"Իրավունք"-ը անդրադառձել էր նրան, որ մոտ մեկ ամիս է, ինչ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում խուճապ է: Գյուղացիները մասնավորապես պատմում էին ինչ-որ "հրեշ"-ի մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Խուճապն ու անհանգստությունն այն աստիճանի էին հասել, որ կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում էին տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով էին դուրս գալիս:
Եվ ահա երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ոստիկաններին հաջողվել հայտնաբրել եւ բերման ենթարկել Կարբի գյուղի այսպես կոչված "հրեշ"-ին:
Պարզվում է, որ Կարբիի գյուղացիներին մոտ մեկ ամիս խուճապի մեջ է պահել ոչ, թե ինչ-որ հրեշ, այլ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի հոգեկան հիվանդ բնակիչ Վարդան Վարդանյանը:
Վերջինիս մասին տեղեկություններ փորձեցինք պարզել Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի գյուղապետ ՄԱՆՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.
- Վարդանը ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխաներ: Ապրում է մոր եւ հոր հետ, ունի քույր եւ եղբայր, որոնք ամուսնացած են եւ առանձին են ապրում: ԹԵ ինչու ընտանիքի անդամները նրան օրեր շարունակ չեն փնտրել տեղյակ չեմ: Վարդանը հոգեկան հիվանդ է, բայց ասեմ, որ նա վտանգավոր չէ եւ մարդկանց վնաս չի պատճառում, մոտ 15-20 օր առաջ տնից դուրս է եկել ու չի վերադարձել: Ոտքով դուրս է եկել, դաշտերով հասել է այդ գյուղ: Ինքը գյուղացիներին չի վախեցրել, պարզապես իր մոտ կար մի հատ ռագատկա, էդ ռագատկայով մի հատ էս տանիքին է քար գցել, մի հատ էս դարպասին է հարվածել, վախի մթնոլորտ է ստեղծել Կարբիում, այնտեղ ոչ մեկ չուներ, ապրում էր ձորերում, դաշտերում: Վարդանը չի աշխատում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ:
Իսկ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի գյուղապետ ԿԱՐՈ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ հետեւյալն ասաց.
- Տո ինչ ուզում ա լինի, կարեւորը թողեց գնաց: Թե չէ էն ինչ էր գյուղացիները վիճակը, ոչ գիշեր ունեինք, ոչ ցերեկ, վախը սրտներումս ապրում էինք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ