Օլանդը եւ իր կառավարությունը ամեն ինչ կանեն,
որ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները չվտանգեն
"Բավական երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի Ֆրանսիայում ընդունվի Ցեղասպանության քրեականացնելու մասին օրինագիծը: Ես այդ տեսակետին եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա մասին նա նոր է բարձրաձայնում: Պետք է ասեմ նաեւ, որ ինձ մոտ տարակուսանք է առաջացնում փաստը, որ օրինագծի տեքստում Հայոց Ցեղասպանություն եզրույթը առհասարակ չի նշվում, խոսվում է ընդհանուր ցեղասպանությունների մասին. ստացվում է, որ դա մեզ հետ կապ չունի",- "Իրավունք"-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ:
Պարոն Սաֆրաստյանը նաեւ նկատեց.
- Օլանդի իշխանության գալուց հետո, կարծես թե, Ֆրանսիայի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ փոխվում է դեպի լավը, Թուրքիայի Եվրոմիության ինտեգրումն ավելի դրական են դիտարկում եւ գնում են որոշակի քայլերի, որոնք վկայում են, որ նրանք առավել մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Եվ եթե գնահատենք այս նոր ի հայտ եկած քաղաքական միտումները, ապա` կարծում եմ, որ Օլանդը եւ իր կառավարությունը ամեն ինչ կանեն, որ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները չվտանգեն, այդ թվում` նաեւ Հայոց ցեղասպանության քրեականացնող օրենքի հետ կապված հարցերում չեն շտապի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ