Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

“ԶԱՐՈՒՀԻՆ” ԸՆՏՐԵՑ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

$
0
0

“ԶԱՐՈՒՀԻՆ” ԸՆՏՐԵՑ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ

Արդեն հայտնի են “Զարուհի” կանանց հանդեսի խմբագրական խորհրդի կողմից ընտրված 2012 թվականի ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ անունները: Ապրիլի 20-ին Զեյթունի մշակույթի կենտրոնում կայացավ ամսագրի 2-ամյակին նվիրված միջոցառում-մրցանակաբաշխությունը: Միջոցառման գլխավոր հովանավորներն էին “Չանախ” ՍՊԸ-ն եւ “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline), իսկ ցերեկույթը գեղեցկացրեց Կոմիտասի 26 հասցեում գտնվող “Արեւկա” ծաղկի եւ հարսանյաց սրահը:

“ “ԶԱՐՈՒՀՈՒ ” ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ԴԱՌՆԱ ԴՈՄԻՆԱՏ ՄԵՐ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ’’

Մինչ սպասված մրցանակաբաշխությանն անցնելը, նախ “Զարուհի” հանդեսին տարեդարձի կապակցությամբ շնորհավորեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ. “ “Իրավունք մեդիա” հոլդինգի եւ ՍԻՄ կուսակցության անունից շնորհավորում եմ մեր ամսագրի 2 տարին եւ մաղթում, որպեսզի թիմը, որը ձեւավորվել է հիմնականում մեր երիտասարդ լրագրող-լրագրողուհիներից,  կարողանա հասցնել ամսագիրն այն բարձունքին, ինչը բոլորս ենք ցանկանում: Մոտավորապես տասը տարի առաջ ստեղծեցինք “Զարուհի” թերթը, շատերը հարցնում են` ինչո՞ւ “Զարուհի”: Այն ժամանակ “Իրավունք մեդիայի” գլխավոր խմբագիրը ես էի եւ աղջկաս անունով թերթն անվանեցի  “ Զարուհի”: Հետո ընդհատվեց եւ երկու տարի առաջ որոշեցինք վերականգնել “Զարուհին”՝ արդեն որպես ամսագիր: Երկու տարին քիչ ժամանակ չէ ամսագրի համար, երբեմն եղել են  դժվար պահեր, բայց կոլեկտիվն աշխատում էր, ստեղծագործում:  Իմ կարծիքով, ամսագիրն այսօր տեղ է գտել հայ հասարակության մեջ եւ ունի իր ընթերցողները: Մաղթում եմ ամսագրին մեծ ապագա, թող լինի կայուն, մնայուն, հիմնարար: Այն գաղափարախոսությունը, որը տարածում է ամսագիրը, թող դառնա դոմինանտ մեր ազգի համար”:

“ՁԵՐ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՏԵՍԱԿԸ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԵՐՏՆ Է ԿԱԶՄՈՒՄ”

Եվ այսպես, անդրադառնանք մրցանակաբաշխությանը.

“Կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնող տարվա լավագույն կին գործիչ” անվանակարգին արժանացավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ով շնորհավորելով  Զարուհի” ամսագրի ստեղծագործական ողջ անձնակազմին` երկուամյա  գոյության համար, նշեց. “ “Զարուհին” այն ամսագրերից է, որը հիմնականում ուղղված է հայ կնոջը, մեր մայրերին: Ցանկանում եմ, որ մեր կողմից այդքան սիրված ամսագիրը, որն իր մեջ ներառում է շատ գրագետ , ճաշակով եւ կնոջ կերպարին համապատասխան նշանակություն ու էություն, շարունակի լինել մեզ հետ շատ ու շատ երկար տարիներ”:

Իսկ “Տարվա լավագույն կին քաղաքական գործիչը” ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ է, ով ընդամենը մեկ բան մաղթեց ամսագրին. “Ձեր ընթերցողի տեսակը մեր հասարակության լավագույն շերտն է կազմում, թող նրանք տարեց տարի ավելանան: “Զարուհին” մի ամսագիր է, որը աչքի է ընկնում թե՛ լրագրողական բարձր էթիկայով, թե՛ անձնակազմի բարեհամբույր կեցվածքով, եւ թե՛ ամսագրի ինտելեկտուալությամբ”:

Տարվա լավագույն լրագրող անվանակարգում մրցանակ շնորհվեց Հանրային հեռուստաընկերության 1-ին լրատվական հաղորդաշարի մեկնաբան ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆՈՒՆ.Անչափ պարտավորեցնող եւ հաճելի անակնկալ էր այս մրցանակը: Որպես լրագրող կփորձեմ արդարացնել ե´ւ ամսագրի, ե´ւ հեռուստադիտողների սպասելիքներն ու ակնկալիքները”:


Իր աշխատասիրությամբ մշտապես աչքի ընկնող Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ դարձավ “Տարվա լավագույն կին ղեկավարը”, ով  մաղթելով “Զարուհի” հանդեսին բազմահազար ընթերցողներ, հիշեց.Այն ժամանակ, երբ դեռ “Զարուհին” թերթ էր, մի այսպիսի հոդված լույս տեսավ իմ մասին, որ ես միշտ եղել եմ աշխատող կին եւ այսօր ինձ գնահատված եմ զգում այդ աշխատանքի արդյունքում”:

Կարեւորելով ամսագրի գործունեությունը՝ Պարերի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ ՄԱՐԻԱՆՆԱ ՄԱՄՅԱՆԸ, ով ստացավ պարի ասպարեզում "Տարվա լավագույն կին ղեկավար" մրցանակը, նշեց.Ցանկանում եմ, որ “Զարուհի” ամսագիրը  շարունակի հարատեւել ու լուսաբանել մեր գործունեությունը, քանի որ մենք շատ կարիք ունենք, որպեսզի մշակույթի եւ սպորտի ոլորտում ավելի ակտիվ լուսաբանվի կատարված աշխատանքները”:

“ՀԱՐՍԱՆԻՔԻՍ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑԱԾՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ”

Լինելով ընտանեկան ամսագիր՝ “Զարուհի” կանանց հանդեսը չէր կարող չանդրադառնալ մայրիկներին ու հարսիկներին: 2012 թվականին մայրիկ դարձած երգչուհի ԼԻԱՆԱՆ ստացավ “Տարվա լավագույն մայրիկ” մրցանակը. “Մեծ պատասխանատվության հարց է լինել “Տարվա լավագույն մայրիկը”: Կաշխատեմ, իրոք, լինել լավ մայրիկ, որովհետեւ դեռ ամեն ինչ առջեւում է: Իսկ “Զարուհու” բոլոր լրագրողներին եւ տնօրինությանը մաղթում եմ, որ միշտ լինեն լավը, մարդկային եւ  անկեղծ: Շնորհակալ ենք, որ  դուք կաք եւ մենք ունենք “Զարուհի” ”:

“Տարվա լավագույն օտար հարս” ճանաչված ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի հնդկերենի դասախոս բ.գ.թ. ՍԱՆՏՈՇ ԿՈՒՄԱՐԻ ԱՐՈՐԱՆ բացահայտեց կնոջ լավագույնը լինելու գաղտնիքը.Եթե իր մեջ սեր ունենա, ապա ցանկացած հարս կկարողանա ոչ թե “Տարվա լավագույն հարս” լինել, այլ ամբողջ կյանքում լավագույն հարս կլինի: “Զարուհի” ամսագրից շատ շնորհակալ եմ եւ մաղթում եմ, որ իրենք ամեն օր շատ կանանց երջանկացնեն: Չէ՞ որ, եթե  կանայք երջանիկ լինեն, ապա ե՛ւ երեխաները, ե՛ւ ամուսինը երջանիկ կլինեն”:

Շարունակելով  անդրադառնալ լավագույն մայրիկներին՝ նշենք, որ շուտով իր փոքրիկ “չեմպիոնին” լույս աշխարհ կբերի ծանրամարտի օլիմպիական չեմպիոն ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, ով իր մի շարք մրցանակների կողքին ավելացրեց նաեւ “Զարուհու” “Տարվա լավագույն սպորտսմենուհի” մրցանակը. “Այնքան հուզված եմ… ավելի հեշտ կլիներ ծանրաձող բարձրացնել…: Մաղթում եմ “Զարուհի” ամսագրին բազում-բազում վերելքներ”:

Իսկ նորահարս ԿԱՐԻՆԱ ԴԱՆԵԼՅԱՆԸ “Տարվա լավագույն հաղորդավարուհին” է. “Հատկանշական է, որ թերեւս 10 տարի է հեռուստատեսությունում եմ, սակայն առաջին մրցանակն եմ ստանում: Այն էլ այս տարում, երբ  անձնականի հետ կապված շատ պասիվ եմ եղել հեռուստատեսությունում: Սակայն, մրցանակը հարսանիքիս կապակցությամբ ստացածս լավագույն նվերներից մեկն էր: Երբ կինը երջանիկ է, ամեն ինչ տեսնում է շատ վառ ու լուսավոր: Ուզում եմ, որ բոլոր կանայք երջանիկ լինեն”:

“ԻՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ՎՍՏԱՀԵԼ ԵՄ  “ԶԱՐՈՒՀԻ” ԱՄՍԱԳՐԻՆ”

“Տարվա լավագույն դերասանուհի” կոչմանն արժանացած Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստուհի ԻՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ իր շնորհավորական խոսքում անկեղծացավ. “Շատ շնորհակալ եմ, ինձ համար անսպասելի էր: Անկախ նրանից, որ դրսում վատ եղանակ է, դահլիճում տիրում է շատ ջերմ մթնոլորտ եւ դա շնորհիվ “Զարուհի” ամսագրի եւ նրա կոլեկտիվի”:

“Զարուհի” հանդեսն ընտրեց նաեւ իր լավագույն անվանակցին` Տարվա լավագույն Զարուհի” անվանակարգին արժանացավ Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի ԶԱՐՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ. “Շնորհակալ եմ  եւ շնորհավորում եմ  “Զարուհուն”, ձեզ երկար ճանապարհ եմ մաղթում”:

Էլ ի՞նչ մրցանակաբաշխություն, առանց “Տարվա լավագույն երգչուհու”, եւ այս անվանակարգում մրցանակ հանձնվեց երգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ. “ “Զարուհի” ամսագրին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը, որ գտնվում է այսքան մոտ բոլորին: Եվ արժանվույնս կարողանում է ծանոթանալ ու  գնահատել բոլորիս կատարած աշխատանքները: Առաջինը “Զարուհին” է եղել , որին վստահել եմ իմ ընտանեկան  գաղտնիքները:  Ընդհանրապես, անձնականը մնում է անձնական, իսկ ես վստահել եմ “Զարուհի” ամսագրին: Կանաչ ճանապարհ ձեզ, բոլորիդ շատ սիրում եմ եւ շնորհակալ եմ”:

“ԶԱՐՈՒՀԻ” ԿԱՆԱՆՑ ՀԱՆԴԵՍՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԻՍՊԱՆԱԿԱՆ ՊԱՏՎՈԳՐԻ

Միջոցառում-մրցանակաբաշխությունը հատկանշվեց նաեւ “Տարվա լավագույն դիզայներ” ՏԱԹԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆՒ հագուստների ցուցադրությամբ (hատուկ շնորհակալություն մոդելներ Վարդան Մնացականյանին, Հայկ Շահնազարյանին, Էմիլ Մարկին, Ալեն Մուրադյանին, Կարեն Մոլիտվինի, Կարեն Մանասյանին եւ Դավիթ Ղարիբյանին): Ի դեպ, “Զարուհի” ամսագրին եւս սպասվում էր անակնկալ: Իսպանիայում կայացած “INTERNATIONAL BEST MALE AND FEMALE MODEL WORLD” եւ “COSTA BLANCA FASHION WEEK” մրցույթներին ինֆորմացիոն հովանավոր լինելու, ինչպես նաեւ Հայաստանը ներկայացնող մասնակիցներին լուսաբանելու համար ամսագրին պատվոգիր հանձնեց միջազգային մոդելային մրցույթ-փառատոների կազմակերպիչ, “Զարուհու” կողմից  “Տարվա լավագույն Mister մոդել” ճանաչված ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ, ով շնորհավորելով 2-ամյա ամսագրին, նշեց. “Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել “Զարուհի” ամսագրին, քանի որ միշտ համագործակցում եմ իր հետ եւ ինձ շատ դուր է գալիս խմբագրակազմի “պոզիտիվությունը”:  Ձեզ մաղթում եմ շատ ամյակներ, Happy birthday”:

Շարունակելով մրցանակներ հանձնել լավագույն մոդելներին՝ “Զարուհին” “Տարվա լավագույն մոդել” մրցանակը հանձնեց 2012 թվականին Իսպանիայում կայացած “Best model աշխարհ” մրցույթում “Լավագույն ֆոտոգենիկ” տիտղոսին արժանացած ՍԵԴԱ ՏՈՆՈՅԱՆԻՆ. “Շնորհակալություն եմ հայտնում “Զարուհի” ամսագրի ողջ խմբագրակազմին այս մրցանակի համար: Իսկապես, անչափ հաճելի էր եւ շատ կարեւոր ինձ համար: Ուզում եմ նաեւ շնորհավորել ամսագրին իր 2-ամյակի կապակցությամբ եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ”: “Տարվա լավագույն Miss մոդել” անվանակարգը բաժին հասավ 2011 թվականին Իսպանիայի Բենիդորմ քաղաքում կայացած “Best model word” մրցույթում հաղթող ճանաչված եւ “Best Body” տիտղոսին արժանացած ՍԵԴԱ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ. “Շատ շնորհակալ եմ եւ զգացված եմ՝ լավագույնի կոչմանն արժանանալու համար:  “ Զարուհի” ամսագրին մաղթում եմ շատ եւ հետաքրքիր նյութեր”:

“ՀՈՒՍԱՄ, ՈՐ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ “ԶԱՐՈՒՀԻ” ՀԱՆԴԵՍԻ ՀԵՏ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ԿՅԱՆՔ”

“Զարուհի” ամսագիրը՝ որպես ավանդական հայուհի, մեծ տեղ է տալիս տղամարդկանց խոսքին եւ 2012 թվականի “Տարվա լավագույն կնամեծար տղամարդ” մրցանակին արժանացավ երգիչ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԸ. “Շատ պատվավոր մրցանակ է ինձ համար, որովհետեւ այն ստանում եմ ոչ թե որպես երգիչ, այլ որպես տղամարդ, ինչը շատ բարձր գնահատական է: Ուզում եմ նշել, որ եթե նյութը հետաքրքիր է ստացվել, որտեղ ես հարցազրույց եմ տվել, դա մեծապես կախված է եղել լավ հարցերից: Եթե չկան խելացի եւ գրագետ հարցեր, չի լինի նաեւ լավ նյութ եւ լավ պատասխան”:

Իսկ “ Տարվա լավագույն բժիշկը” թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆՆ է. “Շնորհավորում եմ “Զարուհուն” 2 -ամյակի առթիվ, ցանկանում եմ, որ երկար տարիներ լույս տեսնի եւ իր ընթերցողները միշտ լինեն առողջ”:

“Տարվա լավագույն կոմպոզիտոր” ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նախ շնորհավորեց բոլոր մրցանակ ստացողներին, ապա հավելեց. “ “Զարուհի” հանդեսը, ինչպես նաեւ “Իրավունք” թերթը ուշիուշով հետեւում են բոլորիս ստեղծագործական կյանքին ու արժանվույնս  գնահատում:  Հուսամ, որ մեր բարեկամությունը թե՛ “Զարուհի” հանդեսի, թե՛ “Իրավունք” թերթի հետ կունենա երկար տարիների կյանք”:

Չմոռանանք նշել, որ ամսագրին իրենց երաժշտական կատարումներով շնորհավորելու էին եկել “Դո ռե մի” վոկալ-ստուդիայի սաներ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ու ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Իսկ միջոցառման ավարտին, ինչպես յուրաքանչյուր ծննդյան տարեդարձ, 2-ամյա “Զարուհին” նույնպես ունեցավ իր ծննդյան տորթը, որը տրամադրել էր մեր լավագույն պահերի բարեխիղճ ընկեր Pink Torter.am ընկերությունը (այսուհետ,  գնելով մեկ “Զարուհի” ամսագիր եւ ներկայացնելով Torter.am ընկերությանը, կստանաք 10 % զեղչ):


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles