ՀԱԿ-ՈՒՄ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ, ՈՐ ԸՆՏՐՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑԻՑ ՆԵՂԱՑԱԾ ՉԷՆ
Image may be NSFW.
Clik here to view.Այսօր ՀԱԿ կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշեց, որ իրենք բոլոր ոչ իշխանական կուսակցությունների հետ տարբեր ձևաչափերով ու մակարդակներով բանակցում են, որպեսզի մեխանիզմներ մշակեն քաղաքը ՀՀԿ-ի «ձեռքից» վերցնելու համար:
Անդրադառնալով երկու ՀԱԿ-երի հետ կապված խառնաշփոթին Արման Մուսինյանը նշեց, որ ՀԱԿ կուսակցությունը ստեղծվել է դաշինքի մի քանի անդամ կուսակցությունների և դաշինքի համակիր անկուսակցական զանգվածի բազայի հիման վրա, այն գրանցվել է Արդարադատության նախարարությունում իր անվանումով, խորհրդանիշով. «ՀԱԿ ասելով այսօր մենք նկատի ունենք ՀԱԿ կուսակցությունը: Մնացած այն քաղաքական ուժերը, ովքեր այս պրոցեսի մաս չեն կազմել ազատ են իրենց քաղաքական գործունեությունը իրականացնելու, մենք իրենց հաջողություն ենք մաղթում»:
Անդրադառնալով 2009թ.-ի ավագանու ընտրություններից հետո ՀԱԿ-ի՝ մանդատները վայր դնելու հանգամանքին, Արման Մուսինյանը արդարացավ.
«Մանդատները վերցնելու պարագայում մենք որևէ լծակ չէինք ունենալու փոփոխությունների հասնելու: Ավագանիում մանդատներ վերցնելը դա ինքնանպատակ չէ, այսօր, երբ որ Կոնգրեսը խորհրդարանական ուժ է և կարող է որպես խորհրդարանական խմբակցություն շատ լծակներ օգտագործել, մանդատների վերցնելը քաղաքապետարանում իմաստ է ստանում: Մենք մասնակցում ենք ոչ թե ավագանիում տեղ զբաղեցնելու, այլ այս ընտրություններում հաղթելու մտադրությամբ»:Նա նաև նշեց, որ շատ բարձր է գնահատում ՀԱԿ-ի շանսերը Երևանի ավագանու ընտրություններին:
«Իրավունք»-ի հարցին, թե իրենց շանսերը բարձր գնահատելիս արդյոք հաշվի առնու՞մ են այն հանգամանքը, որ իրենց ընտրողները 2009թ.-ից հետո խաբված դուրս եկան և որ ընդդիմադիր այլ ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Բարև Երևան» դաշինքը ևս մասնակցում են այս ընտրություններին, Արման Մուսինյանը պատասխանեց.
«Այն ժամանակ էլ էին մասնակցում, տարբերություն չկա, երկրորդ՝ մենք շատ հիմնավոր բացատրել ենք երևանցիներին, թե ինչու ենք մենք հրաժարվում մանդատներից և եթե դուք դրանից հետո մեր հասարակական աջակցության ծավալները ուսումնասիրեք, կտեսնեք, որ դրանից հնարավոր չէ ենթադրել, որ ընտրողը մեզանից նեղացել է»:
«Իրավունք»-ի դիտարկմանը, որ փաստորեն ՀԱԿ-ի ամբիցիաները այնքան բարձր են, որ ներկայացված չլինելով խորհրդարանում չէին կարող «իջնել այն մակարդակին», որ ավագանիում գոնե ինչ-որ գործ կատարեին երևանցիների համար. Արման Մուսինյանը պատասխանեց.
«Քաղաքական պայքարի մեթոդների մեջ բոյկոտը միշտ կա և վստահ եմ, որ կլինի դեռ երկար ժամանակ և դրանից եզրակացնել, որ տվյալ քաղաքական ուժը բոյկոտ անելով իր ամբիցիաները ավելի վեր է դասում, կներեք չեմ համաձայնվի ձեզ հետ, որովհետև դա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է: Դրանից չի կարելի բխեցնել, որ տվյալ քաղաքական ուժը իր ամբիցիաները դասում է շատ ավելի վեր, քան ընտրողների շահերը»:
Հակադարձելով պարոն Մուսինյանին տեղին է մեջբերել ՀԱԿ կուսակցության վարչության նախագահի տեղակալ Լևոն Զուրաբյանի արտահայտած միտքը. «2009թ.-ին հրաժարվել ենք մանդատներից մի պարզ պատճառով, մենք ներկայացված չէինք այն ժամանակ ԱԺ-ում, և եթե մենք ընդունեինք Երևանի այդ մանդատները, ըստ էության կնշանակեր, որ մենք մեծ քաղաքական պայքարից հրաժարվում ենք և վերածվում ենք Երևանի քաղաքային խնդիրներով զբաղվող ուժի»:
«Իրավունք»-ի հարցին, թե ի՞նչ է արել մինչ օրս Արման Մուսինյանը Երևանի համար, վերջինս պատասխանեց.
«Որպես քաղաքացի ինչքանով որ հնարավոր է կարողացել եմ իմ քաղաքին օգտակար լինել՝ չաղտոտելով, օրենքը պահպանելով, բոլոր մտահոգիչ երևույթները բարձրաձայնելով և պատրաստվում եմ շարունակել նույնը անել»:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ