ՔՈՉԱՐՅԱՆԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԵՐ ՈՒՆԵՐ
ՌԴ ՙԿոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպությունն՚ արդեն սկսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական մեքենայությունների եւ անօրինական գործարքների մասին փաստող նյութերն ուղարկել ՌԴ համապատասխան մարմիններին, այդ թվում` այդ երկրի նախագահ Պուտինին: Հարկ է հիշեցնել, որ ՌԴ ՙԿոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպությունը՚ Հայաստանում համագործակցում է ՙՀայրենիք եւ պատիվ՚ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի նախաձեռնած ՙՀակակոռուպցիոն կենտրոնի՚ հետ: Այս ամենի մասին առավել մանրամասն փորձեցինք զրուցել Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ, սակայն. ՙԳիտեք, ես լավ ծանոթ չեմ թեմային, նոր եմ վերադարձել Հայաստան, ինչ-որ տենց բան պատմել են: Ես կծանոթանամ, ու եթե արժանի բան լինի, անպայման կմեկնաբանեմ՚: Նման պատասխանը, իհարկե, սպասված էր: ՙԻրավունքի՚ հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանը կարծես հիշել էր իր ջահել ու լավ ժամանակները եւ, Ռ. Քոչարյանի մեղքերը փակելու փոխարեն, զբաղված էր անմեղ ու թեմայից դուրս հումորներ անելով: Պետք է նշենք, որ ՈՒՀԱ-ն մեծ կորուստ է կրել, քանի որ Սողոմոնյանը ընտրել է քաղաքական ոլորտը, բայց առանձնապես չի շահել նաեւ Քոչարյանը:
Դե, իսկ Ռ. Քոչարյանի Ծիծեռնակաբերդ չայցելելու ու Հայող եղեռնի զոհերի հիշատակը չհարգելու վերաբերյալ Վ. Սողոմոնյանը հավելեց. ՙՊարոն Քոչարյանը հանրապետությունում չէր, նա վերադարձել է երեկ ու երեկոյան, չի հասցրել այցելել Ծիծեռնակաբերդ: Նա մասնավոր այցով էր գնացել, ավել ոչինչ չեմ կարող ասել՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
Հ.Գ.- Հուսով ենք` Վիկտոր Սողոմոնյանը կպահի իր տղամարդու խոսքը ու առավոտ կանուխ կզանգահարի` թեման մեկնաբանելու համար: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան ավելի ուշ: