"ՀԱՎԱՔԵԼ ԵՆՔ ՔԻՉ ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎՆ Է" ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ` 2 %
"Այն, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայացել են, փաստ է, ու պետք է հարգել քաղաքացիների կողմից կատարված որոշումը: Եվ պետք է ցանկանալ հաջողություն այն ուժին, որոնք այսօր պետք է աշխատեն ի բարօրություն մեր Երեւանի", - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու ընտրություններում "Օրինաց երկիր" կուսակցության ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրած, արդեն նախկին ավագանու թեկնածու ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ: Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ի հավաքած 2% ձայները միայն կուսակցության ցուցակը գլխավորող ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին չեն պատկանում, բանախոսը նշեց. "Դա մեր ամբողջ ավագանու թիմի հավաքած ձայներն էին եւ ոչ միայն թիմի, այլ նաեւ մեր քաղաքական ուժի: Բոլորս աշխատել ենք մաքսիմալ մեր ուժերի հնարավորությունների սահմաններում եւ հավաքել ենք այնքան, որքան վստահության քվե տվեցին մեր քաղաքացիները: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին մեզ համար": Իսկ թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ հազիվ անցողիկ շեմը հաղթահարելը եւ Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի ձախողումը հաշվի առնելով` ի՞նչ հետեւություն պետք է անի ՕԵԿ-ը, ըստ Հ.Շահինյանի. "Մենք օգտվել ենք այն բոլոր օրենքով սահմանված միջոցներից, ինչը նախատեսված էր: Չեմ կարծում, որ կա ավելին, ինչ-որ մեր կողմից պետք է արվեր: Մենք արել ենք այնքան, որքան օրենքն է թույլ տալիս": ՕԵԿ-ի շատ կուսակցական անդամներ ունենալու, բայց քիչ ձայներ հավաքելու պարադոքսն էլ վերջինս պարզաբանեց մեկ օրինակով. "Ազգային ժողովի ընտրություններից հետո կուսակցականների վերագրանցում է տեղի ունեցել: Ես կուսակցությանը անդամակցել եմ 2012 թվականի դեկտեմբերից եւ այս պահին չեմ կարող ասել, թե քանի կուսակցական ունենք Երեւան քաղաքում: Բայց, կարող եմ ասել, թե քանիսը կան Արաբկիր վարչական շրջանում: Այնտեղ ունենք 1700 կուսակցական եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Արաբկիրում ստացել ենք 1753 ձայն, մոտ 350-400 էլ անվավեր ճանաչված ձայներ ենք ունեցել: Այսինքն` հավաքել ենք քիչ ավելին, քան մեր կուսակցականների թիվն է": Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի ընթացքում ՕԵԿ-ի ընդդիմադիր կեցվածքին, ապա. "ՕԵԿ-ի կողմից ես ընդդիմադիր դիրքորոշում չեմ զգացել: Մենք բարձրացրել ենք այն հարցերը, այն խնդիրները, որոնք կա եւ այսօր էլ կարող ենք խոսել այդ մասին: Հուսով ենք, որ մեր նորընտիր քաղաքային կառավարիչները` ավագանիները, պատասխանատու պաշտոնյաները, որոնք կնշանակվեն, այս խնդիրներին կփորձեն լուծումներ գտնել":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ