ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ԿՐԿԻՆ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է
Երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ այն կարծիքը թե "Տաշիր" երաժշտական մրցանակաբաշխությանը Սիրուշոյի փոխարեն "Տարվա լավագույն երգչուհու" տիտղոսին արժանի էր Լիլիթ Հովհաննիսյանը, կրկին առիթ տվեց բոլորին "հարձակում" գործել Շուշան Պետրոսյան երգչուհու, վաստակավոր արտիստի եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորի վրա: "Իրավունքի" հետ զրույցում Շուշան Պետրոսյանն ասաց.
- Ընդամենը կարծիք են հարցրել, ես էլ պատասխանել եմ:
- Գուցե, դա նրանից է, որ Դուք Սիրուշոյի մասին միշտ դրական եք արտահատվել:
- Բայց այս անգամ էլ եմ Սիրուշոյի մասին լավ արտահայտվել, ո՞վ է քննարկել Սիրուշո երգչուհուն, ո՞վ է քննարկում նրա "ՊրեԳոմեշ" երգը, որը ինձ շատ դուր է եկել: Ես հավանում եմ "ՊրեԳոմեշ" նախագիծը: Խոսքը տարվա ընթացքում կատարած աշխատանքի քանակի մասին է: Երբ նայում ենք "Գրեմմին, անկախ նրանից` համաձայն ենք որոշման հետ, այս կամ այն արտիստին լավագույնի կոչումը տալու, թե` ոչ, մենք տարվա մեջ իր կատարած աշխատանքն ենք նայում: Լիլիթ Հովհաննիսյանը աքսիոմի պես ճշգրիտ չքննարկվելիք հարց է, ամբողջ տարին աղջիկը աշխատել է, ընդ որում, ես իր երաժշտության սիրահարը չեմ, ամբողջ իր երգերի տեսահոլովակներից մեկն եմ սիրում եւ իրեն ասել եմ այդ մասին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ