ՙԲՈՑԱՇՈՒՆՉ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ՚ ՔՐԵԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ
ՙԲոցաշունչ՚ հեղափոխական եւ քաղաքագետ... Այստեղ մի պահ կանգ առնենք, քանի որ այդպես էլ որեւէ մեկը գլուխ չհանեց, թե Արկադի Վարդանյան կոչված անձնավորությունը այդ երբ, որտեղ եւ ինչպես է դարձել քաղաքագետ, առավել եւս` քաղաքագիտության դոկտոր, ինչպես որ ինքն իրեն ներկայացնում է: Բայց սա, պարզվում է, քաղաքացի Վարդանյանի կենսագրության ամենեւին էլ ամենապայծառ էջը չէ:
Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց Արկադի Վարդանյանին եւ ոմն Արսեն Ռոբերտի Ավետյանին ձերբակալելու մասին: Նրանք մեղադրվում են, որ նախապատրաստել են Արսենի հոր` Ռոբերտի սպանությունը, որպեսզի տիրանան վերջինիս գույքին: Այս պատմությունն ինքնին բավականին հետաքրքիր մանրամասներ ունի, որոնք կներկայացնենք որոշ հանգամանքներ ճշգրտելուց հետո: Բայց մինչ այդ նկատենք, որ առնվազն տարօրինակ է, երբ առաջին հայացքից սովորական թվացող մահափորձի գործով զբաղվում է ԱԱԾ-ն: Այս կառույցը դեռ ձեռնպահ է մնում պաշտոնական պարզաբանումներից, սակայն մեր որոշ միանգամայն արժանահավատ աղբյուրներ այս ամբողջ պատմությունը կապում են Արկադի Վարդանյանի այդքան անսպասելի Հայաստան վերադառնալու հետ: Հայտնի է, որ Ա. Վարդանյանը փորձեց քաղաքական գործունեություն ծավալել տարիներ առաջ, սակայն կալանավորեցին, բայց քիչ անց անսպասելիորեն նա պայմանականորեն ազատ արձակվեց ու նորից հեռացավ Հայաստանից: Վերադարձավ միայն աշնանը ու ՙժառանգական՚ Ռուբիկ Հովհաննիսյանի միջոցով վերստին ներխուժեց ՙհեղափոխական՚ ասպարեզ: Եվ հենց այդ անսպասելի վերադարձի վրա է մեր աղբյուրը ուշադրություն հրավիրում: Ըստ նրա` ժամանակ առ ժամանակ մեծ-մեծ փողերի տեր դարձող Ա. Վարդանյանը նույն հետեւողականությամբ էլ, չգիտես ինչու, կորցնում է ունեցվածքը: Ի դեպ, երբ 1-2 ամիս առաջ նա խոստովանեց, թե. ՙԵս ունեցվածք չունեմ` իմ վրայի կոստյումից բացի՚, շատերին թվաց, թե դա այս խառը ժամանակների ավելորդ փող ցույց չտալու նպատակ էր հետապնդում: Բայց ահա մեր աղբյուրը միանշանակ պնդում է, որ արտասահմանում մի շարք քրեական պատմությունների արդյունքում է, որ Ա. Վարդանյանը կորցրել է մինչեւ վերջին կոպեկը: Ավելին, նույն աղբյուրի համաձայն, սույն հեղափոխականը դրսում ոչ միայն իրավապահների հետ ունի լուրջ խնդիրներ, այլ նաեւ որոշակի հեղինակություն ունեցող անձանց: Արդյունքում դրսում ոչ միայն պարոն Վարդանյանի ազատությունն էր վտանգված, այլ` նույնիսկ կյանքը: Փրկությունը հայաստանյան հեղափոխական մասսաներին խառնվելն էր: Բայց դա միայն ժամանակավոր լուծում էր, քանի որ տվյալ անձնավորությունների համար դժվար չէր Հայաստանում էլ Ա. Վարդանյանին գտնել: Իսկ փող աշխատելու այս վերջին փորձը, ըստ մեր աղբյուրի, ձախողվեց, քանի որ դրսի իրավապահները հասցրել էին սույն համեստ հեղափոխականի վրա հրավիրել հայաստանյան հատուկ ծառայությունների ուշադրությունը: Դա էլ, կարծում ենք, բացատրում է, թե ինչու է ոստիկանության փոխարեն ԱԱԾ-ն զբաղվում Ա. Վարդանյանով:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ