ՈՒՐԻՇ ԲԱՆ, ԵԹԵ ԲՀԿ-Ի ԱՆՈՒՆԻՑ
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՍՏՈՐԱԳՐԵՐ...
Թեպետ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նախորդ ԱԺ քառօրյայի ժամանակ հայտարարել էր, որ կառավարության որոշումներին ու առաջարկներին խմբակցությունը որոշել է կամ դեմ քվեարկել, կամ չքվեարկել, սակայն այս քառօրյայում ԲՀԿ-ական պատգամավորները կառավարության շատ օրինագծերին կողմ քվեարկեցին: Իսկ թե ինչո±վ է պայմանավորված որոշման նման փոփոխությունը, ՙԻրավունքը՚ պարզեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ.
-Ընդհանրապես, հետեւյալն է մեր կուրսը: Մենք միշտ լավ բաներին աջակցում ենք: Մեր գործելակերպում ոչինչ չի փոխվել: Եթե նորմալ նախագիծ է լինում, աջակցում ենք, բայց բավականին խիստ քննարկում ենք այն: Եվ, եթե գտնում ենք, որ դա սխալ է, վնաս է մեր տեսակետներին, որեւէ բան մեզ չի խանգարում դեմ լինել:
- Բայց դա չի հակասում Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը:
- Դե գիտեք, մենք այդ հայտարարության ժամանակ, էլի կողմ էինք քվեարկում, որովհետեւ էլեմենտար բաներ կան: Ասենք, օրինակ, ես եմ նախագիծ ներկայացրել կամ կառավարությունը եկել է իմ հանձնաժողով, ինքս նայել եմ, ու ամեն ինչ նորմալ է եղել, ու հանձնաժողովին կոչ եմ արել դրական եզրակացություն տալ: Բնականաբար, իմ խմբակցությունը դրան դեմ չի քվեարկի, որովհետեւ ես եմ ասում դա: Բայց հիմնականում մենք հետեւյալ փուլում ենք գտնվում` եթե նորից կշարունակվեն մեր նախագծերին դեմ քվեարկել առանց հիմնավորման, մենք այդ կուրսը կընտրենք ստիպված` հասարակությանը բացատրելով, թե ինչո±ւ ենք դա անում:
- ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը մեկնել էր ԱՄՆ պետդեպարտամենտի միջոցառմանը մասնակցելու: Արդյո±ք դրա համար նա լիազորություն ուներ կուսակցության կողմից:
- Դժվարանում եմ ասել, բայց, կարծում եմ, որ այդտեղ լիազորության խնդիր էլ չկար: Նա պատգամավոր է, կուսակցության անդամ եւ կարող է մասնակցել: Ուրիշ բան, եթե կուսակցության անունից որեւէ փաստաթուղթ ստորագրեր կամ, ասենք, ինչ-որ շատ կարեւոր հայտարարություն աներ: Այդ ժամանակ պետք կլիներ լիազորությունը: Մեզ մոտ ազատ է ամեն ինչ, մանավանդ խմբակցության անդամ պատգամավորները կարող են նման միջոցառումների մասնակցել, որեւէ խնդիր չեմ տեսնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ