ՎՐԱՑ ԼԳԵՓ-ՆԵՐԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԵՌՈՒ Է ՄՆՈՒՄ
Երբ մայիսի 17-ին ամբողջ աշխարհում անցկացվում էր հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ակցիաներ, Թիֆլիսում այդ ախտածին միջոցառումը վերածվեց վրաց հոգեւորականների եւ սեռական փոքրամասնությունների միջեւ բախման: Իսկ արդյունքում տուժեցին 17 հոգի, իսկ երեք եկեղեցականների գործը հայտնվեց դատարանում:
Թե որքանո՞վ է այդ ախտը ներթափանցել հայ համայնք եւ արդյո՞ք Վրաստանում հայ հոգեւորականները նույնպես խնդիր ունեն պայքարելու սեռական փոքրամասնությունների դեմ, «Իրավունքը» հետաքրքվեց Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ.
- Հայ համայնքի հետ կապված, ճիշտն ասած, այդպիսի տեղեկություն չունեմ, քանի որ մերոնք նման խնդիրներից մի քիչ հեռու են կանգնած: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանում հայկական եկեղեցիներին, ապա պետք է ասեմ, որ ուղղափառ եկեղեցու եւ մնացածի հետ համատեղ նրանք նույնպես սեռական փոքրամասնությունների դեմ հայտարարությունը տարածեցին: Բայց, այդքան խորը չեն գնում, քանի որ այսօրվա դրությամբ, ճիշտ է ունենք համայնք, սակայն այդքան ակտիվ չէ: Թիֆլիսի համայնքը մի քիչ ավելի ակտիվացավ վերջին շրջանում` եկեղեցու եւ դեսպանատան ակտիվության շնորհիվ: Բարձր եմ գնահատում մեր դեսպանատան գործունեությունը Վրաստանում, քանի որ վերջին շրջանում շատ ավելի ակտիվ են փոխհարաբերությունները նոր իշխանությունների հետ: Սակայն, կան հարցեր, կան խնդիրներ, որոնց չեն անդրադառնում ու դեռեւս վաղ է խոսել դրանցից, նույնիսկ պահանջներ ներկայացնել այդ եկեղեցիների հետ: Իհարկե, երկխոսությունը գնում է, բայց այսօրվա դրությամբ վտանգավոր է: Մայիսի 17-ին տեղի ունեցած ակցիայից հետո, մեր եկեղեցին էլ պետք է իր համար եզրակացություններ անի ու հասկանա, որ կան վտանգներ եւ պետք է ինչ-որ նուրբ մոտեցմամբ այդ հարցերին անդրադառնալ` պնդելով մեր պահանջները, բայց այդ կարմիր գիծը չանցնելով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ