ՎԵՃԻ ՄԵՋ Է ԾՆՎՈՒՄ ԻՍԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ
Հայ ազգի օպերային երգիչ (բաս) ՎԱԶԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ օրերս էրֆրուտի օպերային թատրոնում հաջողությամբ հանդես է եկել նոր դերերգով: Նրան վստահել են Ջ.Վերդիի «Սիմոն Բոկկանեգրա» օպերայում Ֆիեսկոյի դերերգը: «Իրավունքի» հետ զրույցում նա անկեղծացավ. «Դրամատիկ տեսակետից, երեւի, ամենաբարդ դերերգն էր ինձ համար, քանի որ գործողության սկզբում 45 տարեկան տղամարդ եմ, որը կորցրել է իր դստերը եւ ցանկանում է վրեժ լուծել իր դստեր սիրեցյալից` Սիմոն Բոկկանեգրայից... Տարիներ են անցնում եւ հերոսս բեմում ներկայանում է արդեն 70 տարեկան ծերունու կերպարով»: Վ.Ղազարյանը նկատեց, որ Ֆիեսկոյի դերը, ասյպես ասած, իր համար հոբելյանական է`40-րդն է. «Հինգ տարի է, ինչ բնակվում է Գերմանիայում ու աշխատում էրֆրուտի օպերային թատրոնում, որտեղից հրավեր էի ստացել»:
Մեր հարցին, թե ով էր օպերայի բեմադրիչը, Վ.Ղազարյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Սիմոն Բոկկանեգրա» օպերայի բեմադրիչը երիտասարդ իտալուհի էր: Շնորհալի աղջիկ էր, բայց մի քիչ տարբեր կարծիքներ ունեինք դերիս հետ կապված: Շատ էինք վիճում: Գուցե հենց դա էր պատճառը, որ լավ արդյունք ստացանք: Ասում են չէ` վեճի մեջ է ծնվում իսկական արվեստը»:
Հիշեցնենք, որ Վազգեն Ղազարյանը 2007 թվականից բնակավում է Գերմանիայում: Նա ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Նախ հարվածային գործիքներ, որից հետո դասական վոկալ բաժինները: Ուսանողական տարիներին` որպես երգիչ, հրավիրվել է Իտալիա, Պորտուգալիա` հաղթահարելով բավական բարդ դերերգեր:
Ունի մի շարք մրցանակներ. 2010թ.-ին Իտալիայում արժանացել է The Best Bass մրցանակին` մասնակցելով Viotti մրցույթին: 2011թ.-ին ամբողջ աշխարհում կայացած լսումներից հետո ավելի քան 600 երգիչներից ընտրվել է լավագույն 20 հոգու մեջ` մասնակցելու Singer of the World համերգին:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ