ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱԼԻ ՍՑԵՆԱՐ ՉԷ ՀՅԴ-Ի ՀԱՄԱՐ
Երեւանի ավագանու ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ ՙՀայ յեղափոխական դաշնակցություն՚ կուսակցությունը մեծ տեմպերով սկսել է սպառել իրեն: Թե ինչով է պայմանավորված ընտրությունից ընտրություն ավելի թույլ ցուցանիշների գրանցումը, ճշտեցինք ԱԺ ՀՅԴ պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ.
-Նախ ասեմ, որ այստեղ ընտրություն ասվածը պետք է խիստ հարաբերական օգտագործել, որովհետեւ դա միջոցառում է, ու հատկապես վերջին երկու միջոցառումները ցույց տվեցին, որ ամենեւին էլ կարեւոր չէ, թե հասարակությունը ինչ է ուզում, այլ կարեւոր է, թե իշխանություններն ինչպես են ցանկանում: Սա ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ երկրի, իշխանության թուլության նշանն է: Ցանկացած մարտահրավերներին դիմագրավելու ունակ երկիր մտածում է քաղաքական մարտահրավերների մասին ու այն մասին, որ ընդդիմությունը պետք է ուժեղ լինի, այլ ոչ թե որքան ընդդիմությունը թույլ լինի, այնքան լավ: Դա դիկտատուրայի, ստալինյան մոտեցումների ձգտող երկիր ու պետություն է, եւ Հայաստանն էլ գնում է այդ ճանապարհով, այնպես որ միջոցառումը ընտրություն չի կարելի կոչել, իսկ եթե ընտրություն ենք կոչում` պարզապես զուտ բառի համար, ապա կոչենք այդպես: Ստալինյան այդ ռեժիմի դեմ մենք` որպես քաղաքական կուսակցություն, պայքարելու ենք քաղաքական միջոցներով: Բնական է, որ պետք է աշխատենք հասարակության հետ, մյուս կողմից էլ իշխանությունը պետք է իմանա, որ անկախ քաղաքական կուսակցությունների ցանկություններից կամ կամքից, հասարակությունն ինքնին կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել` խռովությունից մինչեւ ապստամբություն, ինչը թեեւ ցանկալի սցենար չէ, սա ասում եմ որպես քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, դա նաեւ հնարավոր չէ բացառել այն հալածանքի, ճնշման եւ, օգտվելով իշխանության բառապաշարից ՙգաղջ մթնոլորտ՚ պայմաններում, որը ստեղծել է իշխանությունը եւ ինքն իր գլխին փորձանք է սարքում, եւ ոչ միայն իր, այլ նաեւ ժողովրդի ու պետության: Սա տանում է դեպի անդունդ:
Իսկ ՀՅԴ-ի հետագա ծրագրերի վերաբերյալ Ա. Մինասյանը նկատեց. ՙՄեր ծրագրերը շատ են, մենք չենք փոխել մեր քաղաքական կեցվածքը եւ գտնում ենք, որ երկրին զարգանալու համար անհրաժեշտ է, որ իրականացվի կառավաման համակարգի հիմնարար փոփոխություններ, անհրաժեշտ է նաեւ, որպեսզի երկրի կառավարման համակարգը վերածվի խորհրդարանական համակարգի, իսկ ներկուսակցական փոփոխություններն էլ առաջիկայում կտեսնեք՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ
↧
ՙԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱԼԻ ՍՑԵՆԱՐ ՉԷ ՀՅԴ-Ի ՀԱՄԱՐ
↧