«ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԵՐԵՎԱՆԸ ՊԱՀԵԼ ՆՈՒՅՆ ԴԻՄԱԳԾՈՎ»
Հերթական երեւանյան սկանդալն է գլուխ բարձրացնում: Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է Երեւանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ, ինչն արդեն մեծ արձագանք է գտել ինչպես սոցցանցերում, այնպես էլ հասարակության ակտիվ լայն շրջանակներում: Ոմանք պահանջում են չաղավաղել իրենց մանկության հուշերի հրապարակը, մյուսները ցավում` թամանյանական Երեւանի կորստյան համար: Այս խնդրի վերաբերյալ, «Իրավունքը» նախ զրուցեց Երեւանի ավագանու անդամ, Կամերային թատրոնի գեղ. ղեկավար ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԻ հետ:
- Պարոն Երնջակյան, այս վերակառուցումն արդյո՞ք չի նշանակում, որ Երեւանի դիմագիծը կաղավաղվի:
- Համոզված եմ, որ` ոչ:
- Սակայն, երեւանցիներն իրենց մանկության մայրաքաղաքն են ուզում տեսնել կենտրոնում:
- Գիտեք, 60 տարեկան մարդիկ էլ ուզում են տեսնել իրենց Երեւանը, բայց ժամանակը փոխվում է, կյանքը փոխվում է: Հնարավոր չէ Երեւանը պահել նույն դիմագծով, ինչպիսին 18-րդ դարում էր, կամ էլ Էրեբունիի տարիքին բերենք, հասցնենք:
- Իսկ թամանյանական Երեւանը դրանից չի՞ տուժի:
- Կարծում եմ, որ` ոչ:
Հանրապետության հրապարակի վերակառուցման հետ կապված, դիմեցինք նաեւ «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով անցած Երեւանի ավագանու նորընտիր անդամ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ.
- Նախ այդ հարցերին մենք կանդրադառնանք հունիսի 8-ից սկսած, երբ մեր մանդատները կստանանք: Բայց, ընդհանուր առմամբ, քաղաքապետարանի որեւիցե որոշում չունի լեգիտիմ հիմք, ու իրենց որոշումները չեն կարող լինել ժողովրդի շահերից բխող:
- Կոնկրետ, եթե Հանրապետության հրապարակի վերակառուցմանն անդրադառնա՞նք:
- Այստեղ կա ե՛ւ ճաշակի հարց, ե՛ւ ոլորտի մասնագետների խորհրդատվության կարիք: Ինձ համար այս հրապարակը շատ հոգեհարազատ է, եւ, չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Գտնում եմ` ավելի շատ կառավարությունը քաղաքապետարանի հետ պետք է մտածեին, որ հրապարակի կողքերը այդպիսի անշուք ու անճաշակ շինություններ չսարքեին: Իսկ Հանրապետության հրապարակը պատմամշակութային արժեք է, կարծում եմ, որ որեւիցե փոփոխություն պետք չէ անել:
- Իսկ որպես երիտասարդության ներկայացուցիչ, չեք ցանկանո՞ւմ, որ սովետական դարաշրջանի շնչից ազատվի հրապարակը:
- Ընդհանրապես, սովետական դարաշրջանի չեկիստական, ԿԳԲ-ական արատավոր երեւույթներից եմ ուզում ազատվենք ավելի շատ, քան թե շենքերից ու շինություններից: Հանրապետության հրապարակը մեր ճարտարապետության վառ դրսեւորումներից է ու, չեմ կարծում, որ իր մեջ սովետական ինչ-որ խորհուրդներ է կրում: Հրապարակի շենքերի վրայի քանդակները ինքնին արդեն մեր մշակույթի արտացոլանքն են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ