ԱՇՈՏՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵՑ ՈՐՈՇ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ
Այսօր Ազգային ժողովում ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ մեղադրել է որոշ մարզպետներին ի սկզբանե ավագ դպրոցի ինստիտուտը վարկաբեկելու մեջ: Ըստ նախարարի որոշ մարզպետներ դիտավորությամբ ավագ դպրողցներին տրամադրել են խարխուլ շենքեր, որպեսզի վարկաբեկեն այդ ինստիտուտը: Նա օրինակ բերեց Մեծամորի, Արարատի մարզի մի շարք դպրոցներ, այդ թվում նաեւ Մասիս քաղաքի: Աշոտյանը նշեց, որ 50 ավագ դպրոց ունեն անհետաձգելի նորոգման կարիք:
Բացի այդ նախարարը նշեց, որ ամբողջությամբ հնարավոր չէ կանխել դրամահավաքը դպրոցներում, քանի որ կա նաեւ օգտակար եւ օրենքի չհակասող դրամահավաք, որը վերաբերվում է օրինակ էքսկուրսիաներ կազմակերպելու հարցին: Նա մեղադրեց նաեւ որոշ ծնողների անօրինական դրամահավաք նախաձեռնելու մեջ, քանի որ կան այնպիսի քաղքենիներ, որոնք իրենց երեխաների վերջին զանգը պարտադիր պետք է անցկացնեն «Օջախ» ռեստորանում, իսկ իրենց մոտակա սրճարանները նրանց համար պատվից ցածր են: Նման դեպքերում իսկապես ծագում է սոցիալական լարվածություն: Սակայն Աշոտյանի համար անհասկանալի է, երբ օրինակ Գառնի գնալու համար դասարանով գումար են հավաքում, ապա որոշ ծնողներ սկսում են բողոքել ԶԼՄ-ներին, թե դպրոցում անօրինական փողեր են գանձվում, որի արդյունքում որպես կանոն էքսկուրսիաները տապալվում են եւ չեղած տեղից աղմուկ է բարձրանում դպրոցների շուրջ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ