էրոտիկ ֆիլմերի հարցը ԱԺ-ում
Խորհրդարանում քննարկվում է 2012 թվականի բյուջեի կատարողականը: Այսօր ի պատասխան պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հարցի ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը խորհրդարանում հայտարարեց՝ «Հայկական ոչ մի հեռուստատեսությամբ որևէ էրոտիկ ֆիլմ չի հեռարձակվում»: Իսկ ինչ վերաբերում է «բաց տեսարաններին», ապա, ըստ Դադասյանի, դրանց հեռարձակվելու ժամերը և չափորոշիչներն օրենքով հստակեցված չեն: ՀՌԱՀ փոխնախագահն անդրադարձավ նաև թաքնված գովազդի խնդրին`ասելով, որ այն արգելված է. «Մենք շատ բծախնդիր ենք այդ հարցում, թաքնված գովազդի դեպքեր չեն հայտնաբերվել, բայց անբարեխիղճ գովազդի դեպքեր կան, ինչն ավելի շատ ՏՄՊՊՀ-ի գործառույթն է»: Հայկ Բաբուխանյանը նկատեց, որ սերիալների և հումորային հաղորդումների ընթացքում արձանագրվել են թաքնված գովազդի դեպքեր, կան նաև բազմաթիվ «բաց տեսարաններով» ֆիլմեր: Նա խոստացավ արձանագրված փաստերը ներկայացնել ՀՌԱՀ-ին:
«Ինչո՞ւ Հանրային հեռուստաընկերությամբ մուլտֆիլմ չի ցուցադրվում»,-հետաքրքրվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ Ստեփան Զաքարյանը որևէ պատասխան չտվեց հարցին, միայն համաձայնեց պատգամավորի հարցադրման հետ: