Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՍՅՈՒՆՅԱՑ "ՋԻԳՅԱՐՈՎ" ՓԵՍԱՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

$
0
0

ՍՅՈՒՆՅԱՑ "ՋԻԳՅԱՐՈՎ" ՓԵՍԱՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ


Սյունիքի արդեն նախկին մարզպետի անվան շուրջ խոսակցություններն ու նորանոր բացահայտումները շարունակում են չզիջել իրենց դիրքերը մամուլում ու սոցցանցերում: Հիմա էլ գործին խառնվել ու երեւան են գալիս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փեսաները` հեռուստառադիոընկերության ֆինանսական բլոկի աշխատակից Էրիկ Համբարձումյանն ու բժիշկ-տրավմատոլոգ Ռուբեն Գալստյանը, որոնք սպառնում են քաղաքական տեխնոլոգ ներկայացող Կարեն Քոչարյանին` վերջինիս կողմից Գորիսում տեղի ունեցածի առնչությամբ հնչեցված կարծիքի համար: Մեկը "խոստանում" է, որ Կ.Քոչարյանի "ուղեղի բոլտերը կձգի", մյուսն էլ հավելում. "Հեսա կտեսնես, թե քո հալը ինչ կլինի": Թե բացի ֆեյսբուքյան գրառումներից, ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կ.ՔՈՉԱՐՅԱՆԸ, "Իրավունքը" պարզեց հենց նրանից.
- Ոստիկանությունը շատ օպերատիվ արձագանքել է եւ ինձ անընդհատ զանգահարում է: Բայց ես իմ ֆեյսբուքյան էջում գրել եմ, որ լուրջ չեմ ընդունում այդ սպառնալիքները: Պարզապես, գրել եմ այդ մասին, որպեսզի բացահայտվի նրանց իրական դեմքը, չեմ գրել, որ գործ հարուցվի նրանց դեմ:
- Փաստորեն, ոստիկանությանն էլ հորդորելու եք չզբաղվե՞լ այդ գործով:
- Չեմ հորդորելու, ընդամենը կոչ եմ անում, որ լուրջ չեմ ընդունի: Եթե իրենք կցանկանան, թող զբաղվեն դրանով, բայց ինքս չեմ դիմելու: Դե հիմա, փեսա են երկուսն էլ, երեւում է մեկը մյուսից ավելի լավն է ուզում երեւալ, միգուցե, աներոջից բան կա ստանալու ու կիսելու: Պարզապես, եթե այդքան բաց սպառնում են, ակնհայտ է, որ իրենց մեջ է ավելի շատ կռիվը, թե ով ինչքան կվախեցնի:
- Իսկ Ձեր անվտանգության համա՞ր էլ քայլեր չեք ձեռնարկելու:
- Անվտանգությանս համար ի՞նչ քայլեր ձեռնարկեմ, հո իրենց պես "օխրանա" չե՞մ պահելու, ես օլիգարխ չեմ:
Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաջողվեց պարզել, որ անկախ Կ.Քոչարյանի դիմել-չդիմելուց համապատասխան քայլեր ձեռնարկվելու են, իսկ նրա կյանքին վտանգ չի սպառնում. "Ոստիկանությունը վերջին շրջանում համացանցի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ ստուգումներ է կատարում, բայց այդ ձեռնարկված միջոցառումների բնույթն այնպիսին չէ, որ հենց սկզբից հրապարակային այդ մասին բարձրաձայնվի":

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles