"ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՉԻ ԵՂԵԼ",-ՊՆԴՈՒՄ Է ՍՈՑԻՈԼՈԳԸ
Այս տարի Երեւանի Վազգեն Սարգսյանի եւ մարշալ Խամփերյանցի ռազմական ինստիտուտները ընդունելություն են կազմակերպել նաեւ աղջիկների համար: Իսկ թե որքանով կընդունվեն կամ կընկալվեն մեր հասարակության կողմից սպա կանայք` հարցով դիմեցինք "Սոցիոմետր" անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՆ:
- Կան աղջիկներ, ովքեր պատրաստ են ծառայել մեր բանակում, շատ չէ նրանց քանակը, բայց կան: Կան կին ոստիկաններ, զորքերում կանայք, բայց եթե նրանք լինեն տղամարդկանց հավասար, այդ դեպքում միանշանակ չի ընդունվի: Բայց դրա նախադեպերը կան, եւ իր չափերի մեջ կընդունվի հասարակության կողմից:
- Պարոն Ադիբեկյան, ամիսներ առաջ Ձեր կենտրոնը Սյունիքի մարզում հարցումներ է իրականացրել: Կարո՞ղ եք ասել` այդ մարզում վախի մթնոլորտ տիրո՞ւմ էր:
- Ոչ, նման մթնոլորտ չկա, եթե լիներ, ապա ընդդիմադիր ուժեր ու թեկնածուներ այնտեղ չէին լինի: Սյունիքում կան երկրապահներ, ովքեր կռիվ են անցել, կռիվ են տեսել եւ այլն: Դա գավառ չէ, այնտեղ մարդիկ կրթություն են ստանում, աշխատում եւ ապրում են:
- Իսկ արդեն Սուրեն Խաչատրյան նախկին մարզպետը ինչպիսի՞ն էր ընկալվում:
- Որպես պատրիոտ, որը շատ բան է արել տեղական տարածքում, ներդրում ունի Սյունիքի կյանքին, հիմնականում գյուղերում ջուր է բերել, շինարարություններ է իրականացրել, ցորենի արտադրություն է կազմակերպել եւ այլն:
- Տեղեկատվություն կա այն մասին, որ սյունեցիները ստորագրահավաք էին կազմակերպել, որպեսզի ներկայացնեն նախագահին Ս. Խաչատրյանին մարզպետի պաշտոնից հանելու կապակցությամբ, քանի որ այնտեղ վախի մթնոլորտ է տիրել:
- Դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն կոնկրետ դժգոհություններ, չունեն աշխատանք, թոշակներն ու նպաստները ցածր են:
- Վերջին դեպքերից հետո, կարելի՞ է ասել, որ մեր երկրում, ի վերջո, վերջ կդրվի անպատժելիության մթնոլորտը:
- Դեռ այդ գործը պետք է քննվի անաչառորեն, ու մեղավորները պետք է պատժվեն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ