էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն իրավիճակին չի տիրապետում
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն իրավիճակին չի տիրապետում եւ Ազգային Ժողովին սխալ եւ կեղծ տեղեկություններ է հաղորդել Որոտանի հիդրոհամակարգի վերաբերյալ: Այդ մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ 2012 թ. բյուջեի կատարողականի քննարկումների շրջանակներում:
Ըստ Ա. Մինասյանի՝ Որոտանի հիդրոհամակարգը 2006-07 թ.թ. ընդունված մասնավորեցման ծրագրից հանվել է, այնինչ էներգետիկայի նախարարն ԱԺ-ում հայտարարեց, որ ԱԺ-ն է համակարգը մասնավորեցնում՝ ներառելով ընկերությունը մասնավորեցման ծրագրում:
Ըստ Ա. Մինասյանի՝ էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելուց հետո Որոտանի հիդրոհամակարգը գերշահութաբեր ձեռնարկություն է դառնում, որի մասնավորեցումը վնաս է պետությանը:
Ա. Մինասյանի տեղեկացմամբ՝ Որոտանի կասկադը 405 մՎտ հզորություն ունի, ինչն ատոմակայանի հզորության կեսն է, ու ընդհանրապես՝ այդ համակարգը էական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար