«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՐ 19 ՏԱՐԵԿԱՆ ԵՂԲՈՐ ԿՈՂՄԻՑ ԲՌՆԱԲԱՐՎԱԾ 1 ԹՐՔՈՒՀՈՒ ԼԼԿՈՒՄԸ ՄԻ ՎԵՊԻ ՆՅՈՒԹ Է ԴԱՌՆՈՒՄ»
Երեկ «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ թուրք գրող Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» գրքի հայերեն թարգմանության քննարկումը: Սրահում հավաքված մտավորականներն ու ընթերցասերներն անդրադարձան գրքի ինչպես բովանդակային, այնպես էլ թարգմանչական աշխատանքներին՝ չմոռանալով բարձրաձայնել հայ-թուրք հարաբերությունների դիվանագիտական ու ցեղասանությանը վերաբերող հիմնահարցերը:
Վեպը գրվել է 2 լեզվով՝ անգլերեն, թուրքերեն, և հայերեն թարգմանվել երկու տարբեր հեղինակների կողմից. թուրքերենից՝ Արփի Աթաբեկյանը, որը գիրքը վերնագրել է «Ստամբուլի բիճը», իսկ անգլերենից՝ Մարո Մադոյան-Ալաջաջյանը, որը այն վերնագրել է «Ստամբուլի ընկեցիկը»:
«Իրավունք»-ի այն հարցին, թե ինչո՞ւ հենց այս գրքի թարգմանությունը նախաձեռնվեց և չկա՞ արդյոք քաղաքականցման վտանգ, Մարո Մադոյան-Ալաջաջյանը պատասխանեց. «Եթե ասեմ, որ թեման ինձ ընդհանրապես չի հետաքրքրել սուտ կլինի, բայց դրանից զատ ինձ համար կարևոր էր, որ գիրքը գրված էր բարձր գեղարվեստական շնչով ու արժանիքներով: Սա մի աշխատանք է, որն ունակ է մտածելակերպ փոխելու, իսկ մենք արդեն ժամանակն է, որ գանք դրան: Սև քողով փակում ենք տեսադաշտն ու քայլում, վերջում ասելով, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն մեզ աջակից չեղան: Այս գիրքը մտավորական շարժման արգասիք է, ընթերցողի սեղանի անհրաժեշտություն »,- ասաց թարգմանչուհին:
Քննարկումն ուղղորդող Շուշան Արզաքանյանը հաջորդիվ խոսքը տվեց գրող հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանին: Վերջինս, հանդես եկավ քննդատական խոսքով, չընդունելով և չըմբռնելով այս թեմային ուղղված անդրադարձը. «Թուրքիայում իր 19 տարեկան եղբոր կողմից բռնաբարված 1 թրքուհու լլկումը մի վեպի նյութ է դառնում, իսկ ամբողջ հայ ժողովրդի աղջիկների, մայրերի, քույրերի բռնաբարությունը չի՞ դառնում մտահոգող հարց: Սա թուրքերի կողմից պետական քաղաքականություն է. նրանք ուզում են, որ ցեղասպանության 100-ամյակին մենք այնքան մտերմանանք, որ իրենք կարողանան աշխահին ասել, թե իբրև հայերիս հետ այլևս հարց չունեն: Ես մեր ժողովրդին ողջախոհության եմ կոչում»:
Անգլերեն թարգմանության շուրջ աշխատած խմբագիր Հասմիկ Ալեքսանդրյանն էլ, անդրադառնալով իր և Մարոյի համատեղ աշխատանքի գլխավոր քննարկումներին, ասաց, որ իրենց գլխավոր մտահոգությունը եղել է վերնագրի շուրջ, բայց, ի վերջո, ընտրվեց «ընկեցիկ» բառի տարբերակը, քանի որ դրանից երևում է հեղինակի մոտեցումը, վերաբերմունքը հերոսուհուն:
«Ստամբուլի բիճը» տարբերակի թարգմաչուհին երկրում չգտնվելու պատճառով քննարկմանը ներկա չէր, բայց, ինչպես նշեց խմբագիր Ներսես Աթաբեկյանը. «Այս գրքի թարգմանության շուրջ աշխատանքն սկսվեց ավելի շատ Շաֆակի ստեղծագործության սիրահարությունից: Սա ցեղասպանության մասին վեպ չէ, վեպի 90 տոկոսը թուրքական միջավայրն է. Շաֆակն այստեղ դնում է բոլորովին այլ խնդիր՝ մեղքի և աշխարհակարգի մուտացիա»:
Հաջորդիվ հնչեց արվեստաբան, բանասեր Կարինե Հակոբյանի տեսակետը. «Վերջին շրջանում ես այսքան մտորելու առիթ չէի ունեցել. եթե ես այս կրթությամբ, այս բնավորությամբ, այս տեսակով ծնված լինեի թուրք և ունենայի ոչ թե այնպիսի պատմություն, որով հպարտանայի, այլ լինեի մի ժողովրդի ժառանգորդ, ով եղեռն է արել, ի՞նչ կզգայի… Երևի նույնը, ինչ որ զգացել է Շաֆակը: Էլիֆ Շաֆակը մարդ է, ով մեղքի բեռ ունի իր ուսերին, նա թուրքին նոր վերածննդի դեղատոմս է առաջարկում: Մի հետաքրքիր դիտարկում ևս. անգլերեն տարբերակը Շաֆակը վերնագրել է «Ստամբուլի ընկեցիկը» կամ «Ստամբուլի բիճը», թուրքերենը՝ «Հայրը և բիճը»՝ այստեղ էական տարբերություն կա: Շաֆակը, ես հանդգնում եմ ասել, վախեցել է թուրքերի օրինակի վերնագիրը դնել «Ստամբուլի բիճը», որովհետև իր դեմ ուղղված հերթական դատավարությունից հետո նա, հաստատ, կհայտնվեր ճաղերի ետևում: Սա այն սահմանն է, որ նա հասկացել է՝ չի կարելի անցնել. Իսկ աշխարհին անգլերենով նա գրել է այն, ինչ ուզեցել է իրականում ասել»:
«Նոր Դար» ամսագրի գլխավոր խմբագիր, գրականագետ Աբգար Ափինյանն էլ հանդես եկավ հետևյալ ելույթով. «Միայն հիմարը կարող է անընդհատ փորձել մի ճանապարհ, որն աճ չի բերում իրեն. մենք դարեր շարունակ գնացել ենք մի ուղիով՝ ատելություն թուրքի նկատմամբ, արդյունքը՝ ոչինչ… Թուրքիան չի զիջելու: Աշխարհը փոխվում է, առաջ է գնում մտածողական, ինտելեկտուալ ճանապարհով, մեզ մոտ շատ ոլորտներում հետընթաց է, այդ իմասատով, այս գիրքը, իսկապես, ասելիք ունի: Հին մտածողությամբ չպետք է մոտենանք այս կնճռոտ հարցին, այդպիսով ոչինչ չի լինելու, անհրաժեշտ են նոր մարդիկ, որոնց ճակատին չի գրված՝ «ատում եմ թուրքերին», անհրաժեշտ են նոր մարդիկ, որոնց ճակատին գրված է ՝ «հայ, նշանակում է՝ հաղթանակ…»:
Գրականագետը ընթերցեց նաև պատառիկներ «Ստամբուլի ընկեցիկից»՝ հանգելով այն ենթադրության, որ Շաֆակը, թուրք մտավորական լինելով հանդերձ, համարձակորեն տալիս է իր ազգի ցավալի վիճակի նկարագիրը, իր գրքով ազդարարելով, որ Թուրքիան քայքայվում է, որ նեխածության հոտ է գալիս Թուրքիայից. հիվանդացել են թուրքական ընտանեկան հարաբերությունները, հիվանդ է թուրք կինը, հիվանդ է թուրք տղամարդը, բոլորն ուրանում են իրար…
Մտավորականների ելույթի շարքն ամփոփվեց գրող Վահրամ Մարտիրոսյանի խոսքով.«Եթե նայենք համաշխարհային գրականության շրջանակների մեջ, սա նորություն պարունակող գիրք է, պատկերավոր, հաճախ աֆորիզմիկ ընդհանրացումներով, ինչն էլ գրողի նվաճումներից է: Թարգամանությունում էլ կային «գտնված» արտահայտություններ, «համով» ներմուծումներ: Թուրք հասարակության, այսօրվա Թուրքիայի գնահատական- վերլուծությունը Շաֆակը տալիս է շատ դաժանորեն, օրինակ, հարբեցող ծաղրանկարիչը, ով առանցքային կերպարներից է, հայտնվելով թուրք մտավորականության բոհեմ համարվող մի սրճարանում, ասում է. «Մենք ի՞նչ ենք, գիտե՞ք: Մենք այս աշխարհի թարախն ենք…»: Սա գրողական խիզախություն է: Նույն հերոսն ասում է նաև. «Թուրքիան մյուս մուսուլման երկրներից առանձնացնողը սա է, այս գարեջուրը»: Ինչպես գիտենք, վերջերս Էրդողանն արգելել է գարեջուր խմել. քաղաքացիական հասարակությանը բնորոշ տարրերով ու բազմաթիվ դիպուկություններով է համեմված այս աշխատությունը»:
Մտավորականներն իրենց ելույթի ընթացքում թարգամանության թերություն-վրիպումներին ևս անդրադարձ կատարեցին՝ նշելով «բռոշկա», «պառլամենտ» «դեսերտ», «մենյու» հայերեն տարբերակների բացակայությունը, «ակնոցներ» բառի հոգնակիի սխալ գործածությունը, ինչպես նաև պոստմոդեռնի փիլիսոփաների անունների թարգմանություններում վրիպումները:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ