"ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ԼԵԶՎԻ ՍԱՅԹԱՔՈՒՄՆԵՐՈՎ
ՄԵՐ ՍՈՒՐԲ ԱՐՅՈՒՆՈՎ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՀԵՏ ԽԱՂ ԱՆԵՆ"
Image may be NSFW.
Clik here to view."Հայազն" կուսակցության մամուլի քարտուղար Արմեն Հովհաննիսյանն ու վարչության անդամ Արմեն Մկրտչյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձան Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխարհահռչակ "France24"-ին տված հարցազրույցին: Հիշեցնենք, որ արտգործնախարարը նշել էր, թե հնարավոր է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում:
Ասուլիսից հետո "Իրավունքը" հիշեցրեց "Հայազն" կուսակցության վարչության անդամ ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, որ ոչ վաղ անցյալում նույն կերպ ակտիվ պայքար էին տանում նաեւ համասեռամոլներին նվիրված ֆիլմերի ցուցադրության դեմ, արդյո՞ք այսօր նույնպիսի պայքար է պետք տանել ԼՂՀ արտգործնախարարի թույլ տված սխալի համար: Ի պատասխան Ա.Մկրտչյանը նշեց.
- Հարցը անձերի հետ չէ կապված, արտգործնախարարը ընդամենը քաղաքականություն իրականացնող է: Եվ, եթե մենք մեր պայքարի սլաքներն ուղղենք կոնկրետ անձի` Կարեն Միրզոյանի դեմ, ապա մեր պայքարն ուղղակի ապարդյուն կլինի, որովհետեւ վաղը եթե նշանակվի մեկ այլ մարդ, անգամ շատ հայրենասեր, նույն քաղաքականությունն է պարտավոր վարել, քանի որ դիվանագետի խնդիրը պաշտոնական քաղաքականությունը ներկայացնելն է: Մենք պայքարում ենք գործող իշխանությունների կողմից հայտարարված մադրիդյան սկզբունքների դեմ, որոնք իշխանությունները վավերացրել են եւ թույլ չենք տալու, որ ինչպես իրենք են ներկայացնում, լեզվի սայթաքումներով մեր սուրբ արյունով ազատագրված հողերի հետ խաղ անեն:
- Ի վերջո, ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնը ստանձնած անձնավորության համար, մեծ սխալ չէ՞ր անգլերենի թերի իմացությամբ կամ լեզվի սայթաքումներով աշխարհահռչակ լրատվամիջոցին հարցազրույց տալը:
- Դա այլ հարց է, եւ, իհարկե, ծիծաղելի է, որ արտգործանախարարը այդպիսի սխալ պետք է թույլ տա: Այդ իսկ պատճառով էլ համոզված ենք, որ նա որեւէ տեսակի սխալ չի թույլ տվել, այլ, ուղղակի, կրկնել է այն, ինչը տարիներ շարունակ իշխանությունները վավերացնում են միջազգային տարբեր կառույցների հետ: Օրինակ, ուսումնասիրելով մադրիդյան սկզբունքները` կտեսնենք մի կարեւոր ու վտանգավոր կետ` փախստականների վերադարձից հետո հանրաքվե իրականացնելու մասին, որը, փաստորեն, լրիվ նույնն էր, ինչ-որ ասել է պարոն Միրզոյանը:
- Ամեն դեպքում, միտում չե՞ք տեսնում հենց "France24"-ի կողմից, որը աշխարհին է հրամցրել այդ հարցազրույցը:
- Նորություն չեմ ասի, որ Եվրոպան, մեղմ ասած, հայերի հանդեպ, այդքան էլ բարեհամբույր չէ, եւ շատ հնարավոր է, որ անգամ շահագրգռվածություն ունենա այդպիսի շփոթություն ստեղծելու: Բայց, էլի եմ կրկնում, առանց պաշտոնական որեւէ դիրք չարաշահելու, մարդն ասել է այն, ինչը տարիներ շարունակ իրականացվել է իշխանությունների կողմից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ