ՊԱՀՊԱՆԱԿԸ ՓՈՒՉԻԿ ՉԷ, ՈՐ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՔ ԴԱՐՁՐԵԼ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻՆ (18+)
Երեւանի Տերյան 83 հասցեում տեղակայված դեղատունը իր համար շահավետ եւ մեր երեխաների համար վտանգավոր բիզնես է սկսել: Դեղատան առջեւ տեղադրված սարքի շնորհիվ, ավելի ճիշտ պատճառով, ձեր երեխան կարող է 100-800 դրամ գումար գցելով համապատասխան տեղում` ստանալ պահպանակ: Իհարկե, հիմա կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, գոնե ՁԻԱՀ-ից եւ այլ տարատեսակ հիվանդություններից պաշտպանված կլինեն, բայց մի՞թե, ասենք 8-10 տարեկան երեխայի համար կարելի է նման գայթակղիչ սարք տեղադրել ու ցանկություն առաջացնել փորձել օգտագործել այն առաջին պատահածի հետ, ու այդ դեպքում փորձը հաստատ փորձանք կդառնա: Առավել զարմանալին ու ողբերգականն էլ այն է, որ նույնիսկ սարքի վրա կամ մոտակայքում նշված էլ չէ «18+ » նշանը կամ գոնե, ինչպես ծխախոտների վրա, նշված լինի, որ երեխաներին վաճառքը խստիվ արգելվում է:
Ինչեւէ, «Իրավունքը» ժամանակին կրկին անդրադարձել էր այս թեմային եւ ժամեր անց այդ սարքը կենտրոնից մոնտաժել էին: Հուսանք, այս անգամ նույնպես համապատասխան մարմինները խելամիտ կլինեն, կարձագանքեն եւ թույլ չեն տա, որ իրենց եւ մեր երեխաների մանկությունը խեղվի: Ի դեպ, նշենք, որ ամենաանորակ ու մատչելի 100 դրամանոց պահպանակները, ամբողջովին սպառվել էին, ինչը, իրոք, մտածելու տեղիք է տալիս:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ