ՙԿՆՈՋԻՑ ԲԱԺԱՆՎԵԼԸ ՀՐԱՅՐԸ ՇԱՏ ԾԱՆՐ ԷՐ ՏԱՆՈՒՄ՚
Դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի տներից մեկում կրակոց է հնչել: Գյուղ մեկնած Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը տներից մեկում հայտնաբերել է AKM տիպի ինքնաձիգով տան հյուրասենյակում ինքնասպան եղած 34-ամյա Հրայր Բաբալարյանին:
Իսկ, թե ով է Հրայր Բաբալարյանը, եւ ինչն է ազդակ հանդիսացել վերջինիս ինքնասպանության համար փորձեցինք պարզել Խնձորեսկ գյուղի բնակիչներից:
Բնակիչներն այսպես նկարագրեցին իրենց համագյուղացուն. ՙՀրայրն ամուսնալուծված էր, կինը` երգչուհի Անահիտ Սիմոնյանի քույրն էր, ով ամուսնալուծվելուց հետո բնակվում էր Երեւանում: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մի տղա: Խեղճ տղան բաժանվելուց հետո շատ էր խեղճացել, դարձել էր ինքնամփոփ ու մենակյաց: Դժբախտ դեպքից մի օր առաջ գնացել էր Երեւանª երեխուն տեսնելու նպատակով, հետո ասում ենª կնոջն ասել է, որ երեխայի պապիկը եւս ցանկանում է տեսնել թոռանը: Կինը համաձայնել է եւ երեխայի հետ եկել է գյուղ: Արդեն Երեւան վերադառնալու ժամանակ Հրայրը կնոջը խնդրել է, որ ամեն ինչ մոռանա եւ վերադառնա համատեղ ապրելու, կինը չի համաձայնել, երկար համոզելուց հետո Հրայրն ասել ա, որ եթե կինն ու երեխան չմնան, ինքը կյանքին վերջ կտա, կինը չի լսել, իսկ երբ ուզեցել է արդեն վերջնականապես գնա, հյուրասենյակից կրակոցի ձայն է լսել, ներս է մտել, տեսել ընկած ամուսնուն: Չենք կարող ասել, թե կոնկրետ ինչը պատճառ դարձավ նման դժբախտության, բայց, որ կնոջից բաժանվելը Հրայրը շատ ծանր էր տանում, դա գյուղում բոլորը գիտեն՚:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքում ինքնասպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ