Անհեթեթություն է իմ անունը Տիգրան Վիրաբյանի եւ նրա ձերբակալության հետ կապելը. Հովիկ Աբրահամյան
Միտումնավոր ապատեղեկատվություն եւ անհեթեթություն է իմ անունը Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի եւ նրա ձերբակալության հետ կապելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Արարատի մարզպետարանի նախկին պաշտոնյայի ձերբակալությունն ուղիղ հարված է Հովիկ Աբրահամյանին:
«Ես արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ պատասխանելու այդ թեմային վերաբերող հարցերի: Այդուհանդերձ, եւս մեկ անգամ ,հուսով եմ վերջին անգամ, կրկնեմ, որ որեւէ առնչություն չունեմ կառավարության ծրագրով Արարատի մարզի գյուղացիական տնտեսությունների համար նախատեսված դիզվառելիքի բաշխման հետ: Ի դեպ, այս դեպքում էլ ստիպված եմ կրկնել, որ կառավարության այդ ծրագիրը նախատեսված է բոլոր հողօգտագործողների համար` անկախ նրանց ապահովվածության աստիճանից:
Միտումնավոր ապատեղեկատվություն եւ անհեթեթություն է նաեւ իմ անունը Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի եւ նրա ձերբակալության հետ կապելը: Կարծում եմ Տիգրան Վիրաբյանը իրավապահ մարմիններին կներկայացնի իրականությունը:
Ինչ վերաբերում է վառելիքի բաշխման գործընթացում թույլ տված չարաշահումներին, ապա ցանկացած նման դեպքի պարագայում օրենքը պետք է գործի իր ողջ խստությամբ` անկախ չարաշահման ոլորտից, չափից եւ այն բանից, թե խոսքն ինչ մակարդակի չինովնիկի կամ անձի է վերաբերում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
News.am