ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԶՐՊԱՐՏՈ՞ՒՄ ԵՆ
Օրերս Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի դեմ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել` քաղաքապետի կողմից` քաղաքացի Լեւիկ Մարյանին ծեծի ենթարկելու փաստով: Ըստ դատախազության` Սպիտակի բնակիչ` 71-ամյա Լեւիկ Մարյանը, հաղորդում է ներկայացրել, որ հուլիսի 9-ին Սպիտակի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ քաղաքապետ Գագիկ Սահակյանը ծեծել է իրեն: Ըստ այդմ` հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ):
Վերոնշյալի հետ կապված փորձեցինք պարզաբանումներ ստանալ անձամբ պարոն ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.
- Ոչ մի ծեծ չի եղել, ընդամենը խոսակցություն է եղել, հայհոյանքներ են եղել` այն էլ հենց իր կողմից: Այդ պատմության սկիզբն այսպես է սկսվել. Շինարարական աշխատանքների հետեւանքով փակվել էր իր ջրելու առուն: Էդ մարդու բոստանը ջրել էր պետք, ջրի առուն ճանապարհի շինարարական աշխատանքների պատճառով փակվել էր, մեղավոր էին քաղաքապետարանի աշխատակիցները` քաղաքապետի գլխավորությամբ, որոնք, իր մեկնաբանությամբ` տականքներ, սրիկաներ են: Փոխանակ ես բողոքեմ, իր վիրավորանքների դեմ պատիվ պահանջեմ, ինքն է առաջ ընկել` գնացել, բողոքել: Եթե կա հայտարարություն, տվողի ինքնությունը պետք է պարզել` ով լինելը, ինչերի է ընդունակ: Մարդը պետք է շնորհք ունենա, դաստիարակություն: Եթե քրեական գործով ապացուցվի, որ ես մեղավոր եմ, ես պատրաստ եմ պատասխան տալ: Եվ ցանկացած իմ արարքի համար պատրաստ եմ պատասխան տալ, բայց այստեղ պատասխանատվության խնդիր չկա, ընդամենը` հերյուրանքներ, բամբասանքներ, իմ հասցեին հնչող զրպարտանքներ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ