ԴԵՍՊԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ ՉԿԱ
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր պատասխանելով «Իրավունք»-ի դիտարկմանը, որ Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին Հայաստանին բազմաթիվ նախապայմաններ են պարտադրվում և մարդու իրավունքների քողի տակ հաճախ շատ վտանգավոր երևույթներ են ներխուժում: Բոլորս տեսանք, թե հասարակական բողոքի ինչ ալիք բարձրացավ նույն Ֆրանսիայում՝ նախագահի կողմից միասեռականների վորաբերյալ օրենքի ընդունումից հետո, իսկ Հայաստանի նման փոքր երկրի համար նման օրինագծերը կարող են ճակատագրական լինել: Ինչպես է ինքը դեսպանը վերաբերվում Եվրամիության պարտադրող քաղաքականությանը և արդյոք չի գտնում, որ մարդու իրավունքների գաղափարը կարող է օգտագործվել նաև ի չարս մարդկության՝ դեսպանը պատասխանեց.
«Ես չգիտեմ հարցը ճիշտ հասկացա թե ոչ, Հայաստանյան իրադրությունը կապել Ֆրանսիայում զարգացումների՞ հետ: Մի բան հստակ է, որ Եվրամիությունը ոչ մի դեպքում ոչինչ չի պարտադրում Հայաստանին: Ինչ վերաբերվում է Հայաստան- Եվրոպա գործընթացի առաջընթացին ՝ ամեն ինչը տեղի է ունենում երկխոսության միջոցով, երկխոսության արդյունքում պայմանավորվածություններ, համաձայնություններ ձեռք բերելու արդյունքում, որևէ պարտադրանք դրա մեջ չկա: Ինտեգրումը այս կամ այն ժողովրդավարության մեջ միշտ ենթադրում է մեկ այլի կամ ուրիշների ազատություն, քանի որ ազատությունը դա այնպիսի դիրքորոշում է, որ ուրիշներին է վերաբերում: Ես կարծում եմ, որ երևի թե մտաբերեցիք Վոլտերի գեղեցիկ ձևակերպումը: Վոլտերը՝ ֆրանսիական լուսավորյալների հաջողված և կարկառուն դեմքերից մեկն է, որն ասում էր. «Պարոն, մինչև իմ վերջին շունչը ես կպայքարեմ ձեր գաղափարների դեմ, բայց պատրաստ եմ կյանքս անգամ տալու, որպեսզի դուք հնարավորություն կամ իրավունք ունենաք ձեր գաղափաը, ձեր միտքը արտահայտելու»: Սա որպես նախադարություն արտաբերվել է ֆրանսիական հեղափոխությունից առաջ: Այսինքն տեսեք, որ ինքն էլ ինչ-որ մի տեղ երևի թե բոլոր նախապայմանները ստեղծել էր, որպեսզի 1789թ.-ին Բաստիլի առումը տեղի ունենար: Ինձ թվում է, որ սա Վոլտերի հեղինակած կամ նրա արտասանած լավագույն հաջողված մտքերից մեկն է , նախադասություն-միտք, որը այսօր միանգամայն արդիական է: Իսկ ինչ վերաբերում է հացի մնացած մասին, ասեմ, որ սոցիալական ոլորտում ցանկացած բարեփոխում ինչ-որ մի տեղ միշտ չի, որ հեշտությամբ են անցնում կամ իրենց տեղը զբաղեցնում, որովհետև ուղղակիորեն առնչվում են անհատներին և այդ առումով բնականաբար ժամանակ է պահանջվում: Մեզ՝ Ֆրանսիային, որպես Եվրամիության անդամ երկիր երկար ժամանակ պահանջվեց դրան հասնելու համար: Եվ ես չեմ կարող բացառել, որ որոշակի, ինչ-որ ժամանակից հետո, կամ ինչ-որ հանգամանքների բերումով Հայաստանում ևս նման հարց, հարցադրում բարձրացվի»:
Մարինե Բարսեղյան