Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԵՏ ՔԱՇԵ՛Ք ԲԱՀԵՐՆ ՈՒ ՔԼՈՒՆԳՆԵՐԸ»

$
0
0

«ԵՏ ՔԱՇԵ՛Ք ԲԱՀԵՐՆ ՈՒ ՔԼՈՒՆԳՆԵՐԸ»
ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

«Իրավունքը» արդեն գրել էր, որ Սայաթ-Նովա փող.10, 12 շենքերի, Թումանյան 2-րդ անցուղի 5 շենքի և Նալբանդյան 25 ա շենքի բնակիչներն օրերս արգելել էին ոմն շինարարներին, ովքեր ներկայացնում են «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն կատարել իրենց բակում շինարարական աշխատանքներ: Բնակիչները նշել էին, որ իրենց շենքերի բակում 70 (յոթանասուն) ք/մ չգործող կաթսայատան տեղում «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն թույլատվություն է ստացել` կառուցելու 6 (վեց) հարկանի բազմաֆունկցիոնալ շինություն:

Այսօր վերոնշյալ բակում կրկին իրարանցում էր. «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները բակ էին եկել`իրականացնելու շինարարական աշխատանքները: 
«Դիմում-բողոքով դիմել ենք և´ Երևանի քաղաքապետարան, և´ բաց նամակ գրել երկրի նախագահին: Առայժմ ստացել ենք պատասխան, որտեղ ասված է, որ ձեր դիմում-բողոքը վերանայվում է և լրացուցիչ տեղյակ կպահեն»
,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց շենքերի լիազոր ներկայացուցիչ Անաիդա Հովսեփյանը`հավելելով, որ ինչպես կարելի է, չհարգել սեփական երկրի գերբն ու ոտնահարել այսքան մարդու, բնակչի իրավունքները: 
Բնակիչները պնդում են, որ ճարտարապետ Գ.Մանուկյանի ներկայացված նախագիծն, որը «դաբրո» է ստացել, չի համապատասխանում իրականությանը. նշված շենքերի և կաթսայատան միջև եղած հեռավորությունն ընդամենը 4-5 մետր է կազմում: 
Բնակիչների խոսքով` այս «օդային ամրոցը», որը պատրաստում են վեր խոյացնել, անհնարին կդարձնի շտապ օգնության և հրշեջ մեքենաների մուտքը իրենց բակ: Ավելին`կզրկի արևի լույսից և ոչ միայն. կարող է թուլացնել վերոնշյալ շենքերի հիմքերը: 
Ի դեպ, վերոնշյալ կաթսայատան տանիքը բակի երեխաների համար նաև խաղահրապարակ է ծառայել: Շինարարներից մեկը, ի դեպ, այն աղբանոց անվանեց, իսկ զայրացած բնակչուհիներից մեկին էլ հորդորեց` ցածր ձայնով խոսել. երգեցիկ կանացի ձայնը` սոպրանոն, սղոցում է ականջները: 
«Իրավունքի» հետ զրույցում նույն բակի բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը ասաց. «Ինչո՞ւ մեր պետությունը չի մտածում մեր երեխաների համար, որպեսզի խաղահրապարակ կառուցի: Դիմում եմ մեր իշխանավորներին` որպես հայ մարդ, ուզում եմ հասկանամ` ինչ է կատարվում մեր երկրում: Գիտեմ, որ շատ բաներից իրենք անտեղյակ են: Ուզում եմ, որ իրենք անձամբ տեղեկանան, թե ովքեր են մեր երկրի, մեր պետականության հետ «խաղեր» խաղում: Թող բռնեն նրանց, որ մենք էլ, վերջապես, հասկանանք. ապրենք մեր երկրում, թե թողնենք գնանք»:
Վրդովված բնակչուհիներից մեկն էլ` տիկին Էմման, ամոթանք տալով ասաց. «Ի դեպ, զարմանալիորեն կարճ ժամանակահատվածում, չգիտես ինչու, չորացավ կաթսայատան մոտ գտնվող ծառը, ամոթ»:
Նշենք, որ այսօր էլ «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի շինարարները մեծ դժվարությամբ ետ քաշեցին բահերն ու քլունգները, սակայն չկա որևէ երաշխիք, որ պատմությունը բակում չի կրկնվի և այսքանով վերջակետ կդրվի:


Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles