ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՀՈԳԵՓՈԽՈՒԹՅԱ՞Ն ՄԵՋ Է
«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Հովսեփյանը այսօր հայտնեց, որ վերջերս իրենց կազմակերպությունը արժանացել է պետական ուշադրության.
«Վարչապետի հանձնարարականով ստեղծվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի համակարգման միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ մենք ընդգրկված ենք»: Նա ասաց, որ հանձնաժողովի նախագահն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ընդգրկված են կրթության և գիտության նախարարի տեղակալը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը և այլ գերատեսչություններից՝ թվով ինը բարձրաստիճան պաշտոնյաներ:
Խոսելով իրականացվելիք ծրագրերի մասին տիկին Մարգարիտան ասաց.
« Ես շատ-շատ կարևորում եմ հոգեփոխությունը և սա ոչ միայն վերաբերվում է բազմազավակներին, սա վերաբերվում է մեր ողջ հասարակությանը, ես շատ ուզում եմ, որ մեր հասարակությունը դառնա հոգով ուժեղ, զարգացնի իր ուժերը, որովհերը թե՛ հաղթանակը և թե՛ պարտությունը մարդ կրում է սկզբում հոգով: Դրա համար ես առաջարկելու եմ, որպեսզի ստեղծենք ինքնազարգացման կենտրոն, որպեսզի կարողանանք մարդկանց այդ կենտրոնում և՛ սովորեցնենք մասնագիտական հմտություններ, և՛ անպայման մտածելակերպը փոխենք, որպեսզի հոգու ուժը զարգանա, մարդը չմտածի, որ այս երկրում ոչինչ հնարավոր չի անել, այսինքն մարդուց է կախված:
Ես շփվելով բազմազավակ ընտանիքների հետ, ես զգում եմ, որ մարդիկ ընդհանրապես ոչինչ չեն արել այս տարիների ընթացքում, այսինքն նկատի ունեմ իրենց սեփական ուժերը չեն զարգացրել, նրանք ընդմենը սպասել են, թե որտեղից իրենց օգնություն կգա: Հիմնականում պետության հույսով են, որ պետությունը պիտի իրենց օգնի: Ինչ խոսք պետությունը պիտի իրենց օգնի, բայց ես չեմ գտնում, որ մարդը պիտի ոչինչ չանի և սպասի, որ գան իրեն օգնեն: Իսկ օգնությունը այն կարգով, որով որ տրամադրվում է, դա օգնություն չի դա ընդամենը ժամանակավոր մարդուն ինչ-որ հույս է տրվում, բայց դա օգնություն չի, դա տանում է իրենց դեպի մուրացկանություն»:
Տիկին Մարգարիտան խոսելով իր կառույցի գործունեության մասին, ասաց, որ մինչ օրս իրենք անվճար իրավաբանական խորհրդատվություն են տվել մի քանի ընտանիքների՝ քանի որ ինքը մասնագիտությամբ իրավաբան է: Մի քանի ընտանիք էլ ձմռանը ստացել են օգնություն՝ վառարանի և վառելափայտի տեսքով:
«Իրավունք»-ի հարցին, թե երբ տեսանելի կլինեն կազմակերպության իրականացրած գործունեության արդյունքները, տիկին Մարգարիտան ասաց.
«Բազմազավակները պիտի հասկանան, բազմազավակների համար ի՞նչ արդյունք է պետք, որ իրանք նստեն ու սպասե՞ն: Սխալ է, այ տեսեք հասարակություննել է սխալ մտածում օգնության հարցում, եթե հեռուստատեսությամբ ցույց են տալիս մի ընտանիք ու ասում են օգնեք այս ընտանիքին, ուրեմն անպայման նրանց համար ինչ-որ մի բան են գնում և բերում այդ ընտանիքին, բայց այդ ընտանիքում մի գուցե կա շատ խելացի երեխա, որին պետք է տալ ուսում»:
«Իրավունք»-ի դիտարկմանը, որ մոտենում է սեպտեմբերը, կօգնե՞ն արդյոք բազմազավակ ընտանիքների երեխաների ուսման վարձի հետ կապված խնդիրները լուծել, Մարգարիտա Հովսեփյանը ասաց.
«Առաջնահերթ, ես նորից կրկնում եմ, պետք է իրենց օգնել հոգփոխությամբ, դա է ամենակարևոր բանը»:
Փաստորեն հենց խոսք է գնում ռեալ օգնության մասին հ/կ-ի ղեկավարը սկսում է խոսել հոգեփոխության անհրաժեշտությունից: Պետական հանձնաժողովում ընդգրկված լինելով հանդերձ կազմակերպությունը չի մտածում քայլեր ձեռնարկել՝ բազմազավակ ընտանիքներին աջակցելու համար: Չեն ցանկանում փող ծախսել այդ երեխաների ուսման, այսինքն՝ մեր երկրի ապագայի համար:
Մարինե Բարսեղյան