ՕՍԿԱՆՅԱՆԱԿԱՆ ՙՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ՚ ԱՌԵՂԾՎԱԾԸԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտնի ՙփողերի լվացման՚ քրգործը կարճվեց` հաշվի առնելով վերջինս խոստովանությունը, որ նշված գումարը գործարքից իր մասնաբաժինն է` եկամուտը, որը ծախսվել է անձնական նպատակներով, այդ գումարը չի հափշտակվել եւ օրինականացվել, իսկ չվճարված եկամտահարկը հատուցվել է պետությանը: Եվ նախաքննություն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Վարդան Օսկանյանի արարքը վերաորակել` որպես առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսքանից հետո, որ ողջ քրպատմությունը հանգեց հարկային ինչ-որ խնդիրների, ապա ինչու էր ՀՀ դատախազությունը քրգործը հանձնարարել քննել ԱԱԾ-ին եւ ոչ թե ոստիկանությանը, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԻՑ.
-Ի սկզբանե քրեական գործը հարուցված է եղել հենց ՙփողերի լվացումով՚: Իսկ ՙփողերի լվացում՚ հանցակազմը ենթադրում է նախորդող հանցագործություն, որ հանցագործությամբ գումար է հափշտակվել եւ փորձ է արվել օրինականացնել: Տվյալ պարագայում նախաքննական մարմինը, ԱԱԾ քննչական վարչությունը պարզել էր, որ բարեգործական նպատակներով հատկացված գումարը Վարդան Օսկանյանի կողմից այլ նպատակներով է օգտագործվել, այսինքն` անձնական նպատակներով, եւ քննություն է տարվել: Նախաքննության ամբողջ ընթացքում Վարդան Օսկանյանը հրաժարվել էր տալ ցուցմունքներ: Եվ միայն հիմա, ինչպես արդեն ԱԱԾ-ն տեղեկացրել է, Վարդան Օսկանյանը դիմում է հղել Ազգային անվտանգության ծառայությանը, ապա նաեւ ցուցմունք տվել` բացատրելով, որ այդ գումարը, որը հատկացված է եղել Հանթսմանների կողմից բարեգործական նպատակներով ՙՍիվիլիթասին՚, այդ 250 միլիոնը իրականում եղել է իր մասնաբաժինը: Այսինքն` ինքը խոստովանել է, որ դա եղել է իր մասնաբաժինը եւ պատրաստակամություն հայտնել` արդեն վճարել եկամտահարկը: Միայն սա հաշվի առնելով է, որ նախաքննական մարմինը արարքը վերաորակել է, եւ քանի որ Օսկանյանը վերականգնել է այդ եկամտահարկը, ուստի` արարքը որակվել է հարկերից խուսափում, եւ հաշվի առնելով, որ նա գումարը վերականգնել է ու ԱԱԾ-ին ուղղված դիմումի մեջ խնդրել, որ գործը կարճեն, այսինքն` տվել էր իր համաձայնությունը, որ այդ հիմքով գործը կարճվի, գործը նոր ԱԱԾ-ն կարճել է: Այս պահին, եթե Վարդան Օսկանյանը համամիտ չէ այս գնահատականի հետ, բնականաբար, արդեն ինքն ունի իրավական բոլոր հիմքերը եւ ուղղությունները` սահմանված կարգով իր գործողությունները կանոնակարգելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
↧
ՕՍԿԱՆՅԱՆԱԿԱՆ ՙՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ՚ ԱՌԵՂԾՎԱԾԸ
↧