ՙՎՃՌՈՐՈՇ Է ԼԻՆԵԼՈՒ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԱՊԱԳԱՅԻ ԵՎ ՏԱՐԱՏԵՍԱԿ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ՚
Լրատվամիջոցների, քաղաքական դաշտի քննարկումների հիմնական թեման արդեն երկար ժամանակ մնում է ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման հարցը: Ամենատարբեր տրամաչափի ու նույնիսկ անտրամաչափ ու անտրամաբանական թեկնածուների անուններ են շոշափվում, սակայն հանրությունը ավելի շատ սպասում է ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի խոսքին:
ՙ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏ ԵԶՐՈՒՅԹԻ ՀԵՏ ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ՚
Մի պահ խոսակցություններ տարածվեցին, որ ԲՀԿ առաջնորդն առաջադրելու է իր թեկնածությունը, ապա այդ խոսակցությունները ոմանց կողմից հերքվեցին: Եվ այդ կապակցությամբ մի հարցազրույցում կարծիք էր հայտնել նաեւ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ առաջին օմբուդսմեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ: Լրագրողը նկատել էր, որ ՙնախագահի ընտրությունների մասնակցության ձեւաչափի վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լռությունը որոշակի լարվածություն է առաջացրել քաղաքական դաշտում՚: Ապա հարցրել էր. ՙՁեր կարծիքով, ի վերջո, ի±նչ կորոշի Գագիկ Ծառուկյանը՚:
Տիկին Ալավերդյանը տվել էր հետեւյալ պատասխանը. ՙԵս ամենավատ կանխագուշակողներից եմ, բայց դեռ 2000թ.-ին եմ գուշակել, որ կարող է նման բան լինել: Ես ասել եմ, որ, եթե այսպես գնան զարգացումները, ապա չի բացառվում, որ 10-12 տարի հետո առաջադրվի գործարար Գագիկ Ծառուկյանը՚:
Մենք դիմեցինք Լարիսա Ալավերդյանին` իմանալու, թե ինչով էր պայմանավորված նրա այդ կարծիքը:
- Շատ ճիշտ ասվեց դա այն ժամանակ, որը եւ տեղի է ունեցել: Հիմա` վերջերս էլ, երբ որոշ բաներ ասում եմ, դրանք տեղի են ունենում, բայց թող այնպիսի տպավորություն չլինի, որ ես կանխագուշակելու ինչ-որ մի առանձնահատուկ ունակություն ունեմ: Պարզապես նորմալ, այսպես ասենք, վերլուծությունը բերում է այդպիսի եզրակացությունների: Այդքան բան, եւ ես որեւէ մեկ այլ բան չեմ կարող ասել:
- Իսկ կոնկրետ ԲՀԿ-ի ղեկավարի առաջադրումը ի±նչ կտա, հնարավոր համարո±ւմ եք, որ նրա շուրջ կարող է համախմբվել ընդդիմադիր դաշտը, թե± ԲՀԿ-ն ընդդիմադիր չէ:
- ՙԲարգավաճը՚ երբեւիցե չի ասել, որ իրենք ընդդիմադիր ուժ են, ասել է` մենք այլընտրանքային ուժ ենք: Իսկ ընդհանրապես ընդդիմադիր դաշտ եզրույթի հետ այսօր արդեն խնդիր ունենք, քանի որ այսօր ընդդիմադիր դաշտի շատ-շատ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ իրենց կենտրոնամետ համարող քաղաքական ուժերը մի ընդհանուր, այսպես ասած, կարգախոսով են հանդես գալիս: Բոլորը պատրաստ են բոլորի հետ համագործակցելու, հիմա այդպիսի իրավիճակում խոսել արդեն, թե ինչը ինչի կբերի, ես կարծում եմ` դառնում է ավելորդ: Արդեն այդպիսի տեխնոլոգիաների օգտագործումը, այսինքն` ավելի քան ավելորդ ճկունությունը տեխնոլոգիաների օգտագործման մեջ բերել է այսօրվա վիճակին: Սա է իմ ասածը:
- Իսկ ընդդիմության միասնական թեկնածու կարո±ղ է լինել:
- Մենք չունենք միասնական ընդդիմություն: Հնարավոր է, որ այս կարճատեւ ժամանակահատվածում քաղաքացիական հասարակության կողմից առաջադրվի մեկը, որի շուրջ, չի բացառվում, որոշ կուսակցություններ եւս միավորվեն, կամ արդեն հայտարարվածների շուրջ կարող են համախմբվել: Ես կարծում եմ` կլինի մոտ տասը թեկնածու: Իմ ցանկությունն է, որ քաղաքացիական հասարակության կողմից վստահություն վայելող, նոր խարիզմատիկ դեմք լինի:
ՙԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՆՎԱԶՆ ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՈՎ ԿԼԻՆԻ՚
Ապա նույն թեմայի շուրջ զրուցեցինք ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:
- Եթե ԲՀԿ նախագահն առաջադրի թեկնածությունը, դա ներքաղաքական դաշտում նոր փոփոխությունների կհանգեցնի±:
- Կարծում եմ, որ այդ թեման վաղուց արդեն ներքաղաքական դաշտում ենթատեքստով անուղղակի քննարկվում էր, այսինքն` որ կարող ԲՀԿ-ն եւս նախագահական ընտրություններում անկախ թեկնածուով հանդես գա, բայց, որքան գիտեմ, դեռեւս պաշտոնական հայտարարություն չի եղել: Ամեն դեպքում դա կստեղծի նոր իրավիճակ, քանի որ նախկին կոալիցիոն գործընկերները, փաստորեն, հանդես կգան որպես, ըստ էության, մրցակիցներ նախագահական ընտրություններում: Իհարկե, դա ներքաղաքական իրավիճակում նոր նրբերանգներ կավելացնի:
- Հնարավոր համարում եք համախմբումը ընդդիմության որեւէ թեկնածուի շուրջ:
- Ընդհանրապես նախագահական ընտրությունների ժամանակ համախմբում միշտ էլ լինում է, եւ տարբեր ուժեր` մանր, մեծ, համախմբվում են: Եվ, ինչպես իշխանական դաշտում` Հանրապետականի թեկնածուի շուրջ, անպայման կլինի համախմբում, այնպես էլ, կարծում եմ, եթե ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարի անկախ թեկնածուով հանդես գալու մասին, որոշակի համախմբում կլինի նաեւ այդ դեպքում: Բայդ ես այն կարծիքին եմ, որ ամբողջական ընդդիմության կամ այն ուժերի, որոնք իրենց հռչակում են ընդդիմություն, ընդհանուր համախմբում չի լինի: Կարծում եմ` ընդդիմությունն առնվազն երկու ճակատով կլինի: Կարծում եմ` թեկնածուներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի, ով հայտարարել է առաջադրվելու մասին, եւ նրա շուրջ որոշակի համախմբում կլինի: Եվ եթե Գագիկ Ծառուկյանն էլ բացահայտ հայտարարի իր ցանկության մասին, որոշակի համախմբում կլինի նաեւ նրա շուրջ: Բայց նույն ՀԱԿ-ում միասնական չեն` արդյոք բոլորով պետք է պաշտպանեն Գ. Ծառուկյանին, թե± ոչ: Կարծում եմ, որ այդ հարցի շուրջ ոչ միայն կլինի համախմբում, այլ կարող են լինել պառակտումներ: Ինչքան որ ես եմ տեղյակ հրապարակումներից եւ զրույցներից, կարծում եմ` ՀԱԿ-ում եւս միասնական դիրքորոշում չկա: Ու կա նաեւ մյուս տեսակետը, որ ՀԱԿ-ը պետք է հանդես գա իր անկախ թեկնածուով` կլինի դա Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հրանտ Բագրատյանը, թե± Նիկոլ Փաշինյանը: Մի խոսքով` չի կարող լինել ընդդիմության միասնական թեկնածու:
- Իսկ ընտրություններին միջամտելու արտաքին գործոնը որքա±ն հավանական եք համարում:
- Ընդհանրապես մեր նման երկրներում` ավելի փոքր երկրներում, արտաքին ազդեցությունը, այսինքն` արտաքին ուժային կենտրոնների ազդեցությունը միշտ էլ կա, քանի որ գերտերությունները, բնականաբար, ուզում են իրենց ազդեցությունը տարածել տարբեր երկրներում, եւ դրա համար ունեն որոշակի ուժեր, որոնց իրենք սատարում են: Այս անգամ եւս այդ արտաքին ուժերի կողմնորոշումները հստակ կլինեն, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավելի վճռական ու վճռորոշ է լինելու ՀՀ քաղաքացու ընտրությունը իրատեսական ապագայի եւ տարատեսակ խոստումների միջեւ:
Պատրաստեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ