Ի՞ՆՉ ԵՆ ԶԵԿՈՒՑԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
2013 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյաին, Առողջապահության վարչության պետը զեկուցել է, : որ <<Շտապբուժօգնություն>> ՓԲԸ-ում ստացված բոլոր կանչերը օպերատիվ սպասարկվել են: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկումը տոն օրերին իրականացվել է երկարաժամյա ժամանակացույցով: Երկու միկրոավտոբուսային երթուղիներ էլ Ամանորին ընդառաջ փոխարինվել են ավտոբուսայինով: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը սպասարկման որակի նկատմամբ:
Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ մայրաքաղաքի շենքերի պատշգամբների վթարների կանխարգելման նպատակով կազմվել է աշխատանքային խումբ և գույքագրվել են նման խնդիրներ ունեցող առկա բոլոր շենքերը: Հանձնարարվել է կարճ ժամանակահատվածում պատրաստել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը և իրականացնել կանխարգելման համապատասխան աշխատանքներ: Հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ այսօրվանից Երևանի բոլոր դպրոցներում վերսկսվել են դասերը, և որ մայրաքաղաքի բոլոր կրթական հաստատություններում ապահովված է անխափան ջեռուցում:
Անդրադառնալով ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական լինել և ուժեղացնել հսկողությունը, որպեսզի բացառվի ապօրինության ցանկացած փորձ:
ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ