ՀԱՅԱՍՏԱՆԸ 2013-ԻՆ ՉԻ ԼԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Այսօր, Թուրքիայում ընթացող գործընթացների վերլուծությունը լրագրողներին ներկայացնելով թուրքագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը փորձում է երկրի Սահմանադրությունը փոխել և խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական համակարգի՝ նախագահին տալով ավելի մեծ լծակներ: Քանի որ Էրդողանը այլևս չի կարող ընտրվել վարչապետի պաշտոնին, նա իր համար նոր պաշտոն է նախապատրաստում՝ հավակնելով ընտրվել նախագահ 2014թ-ին. « Ամեն ինչ, ինչ անելու է Էրդողանը 2013-ին ուղղորդում է ունենալու դեպի նախագահ դառնալու իր ձգտումը»: Սահմանադրական բարեփոխումներում անցումային կետը լինելու է այն, որ այս սահմանադրական փոփոխությունները աշխատելու են հաջորդ նախագահի պաշտոնավարումից սկսած: Այսինքն, այս սահմանադրական բարեփոխումները Գյուլին որևէ լիազորություն չեն հաղորդելու:
<Թուրքիան այսօր ուժեղ է Էրդողանով, բայց մենք չենք տեսնում հետնորդ, որին նա աճացներ, ուստի մահափորձի, կամ քաղցկեղի արդյունքում, եթե նա մահանա, Թուրքիայի քաղաքական դաշտում չկա ունակ մեկը, որը կվերցնի վայր ընկած դրոշը ու Էրդողանի անունից կտանի առաջ>: Շաքարյանը նաև նշեց, որ Թուրքիայի վարչապետի քաղցկեղով հիվանդ լինելու մասին լուրը դեռևս հերքում չի ստացել:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, թուրքագետը նշեց.
«Պատկերացրեք, 2014-ին ընտրված Թուրքիայի նախագահը 2015-ի ապրիլին հանրության առջև ներողություն է խնդրում 1915-ին գործած թուրքերի վայրագությունների համար՝ ցեղասպանություն բառը չոգտագործելով, բայց իրոք ներողություն է խնդրում Դավութողլուի նման արցունքները աչքերին: Մենք չգիտենք թե ինչ ենք անելու: Արդյոք մենք ողջունելու ենք Էրդողանի այդ հայտարարությունը, թե ասելու ենք դա բավարար չէ, պարտադիր պիտի ցեղասպանություն բառը օգտագործի, պարտադիր պիտի ԱԺ-ը օրենք ընդունի: Այո հնարավոր է ասենք, բայց միջազգային լրատվամիջոցների համար ապրիլի 24-ին ավելի էական լուր կլինի, որ թուրքերը ներողություն են խնդրում, Թուրքիայի նախագահը արցունքը աչքերին ներողություն է խնդրուն»: Ա. Շաքարյանը համոզմունք հայտնեց, որ Թուրքիայի վրա կենտրոնանալու փոխարեն, մենք պետք է հասկանանք, թե մենք ինչ ենք ուզում ցեղասպանության հարցում և ինչ ենք անում:
Անդրադառնալով հարևան երկրների հետ Թուրքիայի փոխհարաբերությունների, Ա. Շաքարյանը նշեց, որ մասնավորապես Վրաստանի հետ Թուրքիայի լավ հարաբերությունները մինչ այս պայմանավորված էին նախագահ Սահակաշվիլիի անձով: Ինչ վերաբերում է Իվանիշվիլիին, ապա նա ավելի վերապահումով է մոտենում թուրք-վրացական հարաբերություններին, ուստի թուրք-վրացական հարաբերություններում ակնկալվում է անկում:
«Իրավունք »-ը փորձեց կանխատեսումներ ստանալ Արտակ Շաքարյանից, արդյոք ՀՀ գործող նախագահի վերընտրման դեպքում կշարունակվի ՞ « ֆուտբոլային դիվանագիտությունը», թե այլ մոտեցումներ կլինեն: Եվ ճակատագրական չի? լինի արդյոք Հայաստանի համար, եթե Րաֆֆի Հովհաննիսյան ունենանք որպես նախագահ, ով հայտնի է իր անկանխատեսելի քայլերով. 1991թ.Թուրքիայում Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրացրեց Հայոց ցեղասպանության հարցը, 2012թ. Բաքվում խոսեց օկուպացված տարածքների մասին: Ըստ թուրքագետի .
« Սերժ Սարգսյանը ավելի պրագմատիկ առաջնորդ է, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելի իդեալներով է առաջնորդվում: Նրանց նախագահական ոճերը տարբերվում են էականապես: Չեմ կարող ասաել թե Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո ուղղությունը կփոխվի թե չէ, նրա նախընտրական ելույթներից պարզէ, որ նա ավելի ազգայնական դիրքը բռնող, ավելի Թուրքիային կպնող արտահայտություններ է անում, չեմ կարող ասել արդյոք այդպես կշարունակվի ընտրություններից հետո: Ուզում եմ նաև ասել, ինչքան էլ ՀՀ նախագահը մեծ իրավասություններ ունի, պետք է հաշվի առնենք, որ նրանք գործում են այլ երկրների հետ համատեքստում: Նույն «ֆուտբոլային դիվանագիտության» մեջ շատ էական էր Միացյալ նահանգների ազդեցությունը, ճնշումները, Ռուսաստանի ազդեցությունը: Դա պարզապես Հայաստանի նախագահի ընտրությունը, որոշումը չէր: Շատ հնարավոր է նույն Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրվի, սակայն հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հնարավոր զարգացումները ինքը կայացնի այլ որոշում քան իր բնույթն է դա պահանջում: Նույն Օբաման նախքան ընտրվելը խոսում էր ցեղասպանության մասին, դատապարտում էր ցեղասպանությունը, բայց Օբամա սենատորը և Օբամա նախագահը տարբեր մարդիք են, որովհետև Օբամա նախագահը արդեն պետության շահերն է նաև քննարկում, ոչ թե իր սեփական ամբիցիաները»:
ՄԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ