ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՉԻ ԱՍՎԱԾ
Երեկ նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհարվորելով Հայոց բանակի օրը, հանդես են եկել հայտարարությամբ: Արդար ընտրություններ ապահովվելու համար վերջիններս առաջ են քաշել մի քանի կետ. ըստ նրանց, պետք է ներկայացնել ցուցակ Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիների անուններով, բացառել վարչական ռեսուրսի օգտագործումը, ինչպես նաեւ վախի զգացումը ընտրություններում: Վերոնշյալ կետերի մասին խոսեցինք ԱԺ ՀՀԿ պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ. Ինչպես նա նկատեց.
- Նախ հայտարարության հետ կապված` կարող եմ ողջունել, լավ է որ մեր քաղաքական դաշտում կարող են քաղաքական ուժերը, կուսակցությունները, անհատները համատեղ հայտարարությամբ հանդես գալ, եւ եթե այդ համատեղ հայտարարությունը ինչ-որ գործընթացի համար է, այլ ոչ թե ընդդեմ, ու եթե դա նվիրված է մեր երկրի ապագային, ինչպես նաեւ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը: Իսկ ինչ վերաբերում է կետերին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվողներին, ապա օրենքը տալիս է հետեւյալ կարգավորումը. մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, պաշտոնական այցով գտնվող անձինք, ովքեր դրսում են, իրավունք ունենք քվեարկելու, իսկ մյուսները, ովքեր գործուղվել են, կամ ասենք ճամփորդության մեջ են, եւ այլն, ապա նրանց հետ կապված պետք է նշեմ, որ օրենքը մեր երկրի սահմաններից դուրս հնարավորություն չի տալիս քվեարկելու համար: Սա արվել է նրա համար, որ ընտրական գործընթացների վրա ստվերը կամ այն խոսակցությունները, որոնք սովորաբար լինում են, այլեւս չլինեն, ամենակարեւորը որ շահարկումների առիթ չդառնան: Իսկ ինչ վերաբերում է վախի մթնոլորտին, կասեմ, որ մեր ժողովուրդն էլ իրապես ազատ է, անկաշկանդ: Եթե նայում ենք մամուլին, ԶԼՄ-ներին, առհասարակ մենք դրանում միանշանակ համոզվում ենք, ու մեր երկրում չկա որեւէ մեկ պաշտոնյա կամ մեկ քաղաքացի, ով կցանկանա իր կարծիքը հայտնել ու դրա հնարավորությունը չունենա եւ իր ընտրությունը գաղտնի պահելով չկատարի այն: Խոսել վախի մթնոլորտի մասին, կարծում եմ, տեղին չէ: Ինչո՞ւ են նման բան ենթադրում` չեմ կարող ասել, միգուցե սա նաեւ PR քայլ է: Վարչական հնարավորությունների, լծակների օգտագործման մասին կասեմ, որ մեր քաղաքական թիմը լինելով իշխանություն, այս տարիների ընթացքում իր վրա դրած պատասխանատվության պարտականությունները կատարելով` իր քարոզարշավը սկսել է դեռ նախորդ ընտրությունների ավարտից հետո: Վարչական ռեսուրս օգտագործելը մեզ համար չի ասված:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ