ԱՐՑԱԽԻ ԵՐԿԻՆՔԸ ԽՈՑԵԼԻ ՉԷ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ
Երեկ ռուսալեզու թերթերում տեղ էին գտել լուրեր այն մասին, որ ժամանակին Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին վաճառված «Ֆավորիտ» կոչվող զենիթահրթիռային համակարգը կարող է հսկել Լեռնային Ղարաբաղի ամբողջ օդային տարածքը: Ըստ ռուսական մի թերթի ոչ պաշտոնական տվյալների, ԼՂՀ-ն պարտություն կկրի առաջինը օդային տարածքում, եթե վերսկսվի հայ-ադրբեջանական պատերզմը:
Թե ինչ հնարավորություններ ու հզորություն ունի ԶՀՀ-ն` ճշտեցինք ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻՑ: Նրա խոսքերով. «Զենիթահրթիռային համակարգը, որը գնվել է Ռուսաստանից, նախեւառաջ ձեռք է բերվել Բաքվի ռեգիոնի օդային տարածքի ու մայրաքաղաքի կարեւորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար: Այդ համակարգը տեսականորեն ֆիքսում է նաեւ արցախյան երկինքը: Ռադարի վրա երկինքը, օդային թիրախները տեսնելը մի բան է, խոցելը այլ բան է: Ռադարի վրա գուցեեւ երեւա, բայց լեռնային ռելիեֆային առանձնահատկություններ կան, որոնք հօգուտ մեզ են: Պետք է նշեմ, որ զենիթահրթիռային համակարգի թիրախը տեսնել հնարավոր է 600 կմ-ի, իսկ արդեն խոցելիությունը` 400կմ-ի վրա է: Շատ անգամ էլ ինքնաթիռները` ելնելով լեռնային ռելիեֆներից, ռադարի վրա երեւում ու կորչում են: Մենք բազմիցս նշել ենք, որ ունենք հակաօդային պաշտպանության հզոր համակարգ: Հիմնական սպառնալիքը, որը չեզոքացնելու նպատակով ազերիները ձեռք են բերել համալիրները` եղել է Իրանը, հիմնական նպատակն էլ` Բաքվում նավթարդյունաբերական ենթակառուցվածքները պաշտպանելը: Ու ես չեմ կարծում, որ այդ համալիրը ինքն իրենով կարող է բացառել Արցախյան երկինքը մեզ համար»:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ