"ԷՊՈՍԱԳԵՏ" ԹԵԿՆԱԾՈՒՆ ԽԱԲԵԼ Է ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՏՆՕՐԵՆԻՆ
ՀՀ նախագահի թեկնածու, "էպոսագետ" Վարդան Սեդրակյանն ի լուր բոլորի հայտնեց, որ իր նախընտրական տեսահոլովակն արդեն պատրաստ է. "Իմ տեսահոլովակում Կոջոյանի նկարներ են եւ Երվանդ Քոչարի քանդակները: Երկու մեծ գործիչների թանգարաններից էլ լիցենզավորված թույլտվություն ունեմ: ԸՆդհանուր առմամբ` "Սասնա Ծռեր" էպոսի նկարներն են համատեղված երաժշտության հետ, իսկ խոսքեր չկան":
Ինչպես "Իրավունքը" պարզեց, Վ. Սեդրակյանը լիցենզավորված թույլտվություն ստացել է "Գյուլնազ տատի հեքիաթները" պատմելու շնորհիվ: Վերջինս չի տեղեկացրել, որ վերոնշյալ նկարներն ու քանդակները օգտագործվելու են տեսահոլովակում քարոզչության նպատակով: Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի տնօրինությունից տեղեկանալով, որ թանգարանը Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղն է, դիմեցինք Ազգային պատկերասրահի տնօրեն ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ:
- Պարոն Միրզոյան, արդյո՞ք լիցենզավորված թույլտվություն ունի ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, որ Հ.Կոջոյանի նկարներն օգտագործի իր նախընտրական տեսահոլովակում:
- Անձամբ ինքը` ոչ, բայց մի Լիլիթ անունով աղջիկ ներկայացրեց իրենց դիմումը, եւ ես թույլ տվեցի, որ Հակոբ Կոջոյանի "Սասունցի Դավիթ" նկարն օգտագործեն հոլովակում:
- Այսինքն` Դուք տեղյա՞կ եք եղել, որ քարոզչության նպատակով է նկարահանվում տեսահոլովակը, որտեղ օգտագործվել է նաեւ Կոջոյանի հայտնի նկարը:
- Ոչ, այդպիսի բան չեն գրել դիմումի մեջ, դրանք ուրեմն խաբել են: Նորից եմ կրկնում, մի Լիլիթ անունով աղջիկ դիմել է եւ ասել, թե իրենք տեսահոլովակ ենք նկարում ու ցանկալի կլինի, որ թույլատրենք Կոջոյանի "Սասունցի Դավիթ" նկարն օգտագործել: Նա վճարում է կատարել ըստ համապատասխան օրենքի, եւ թույլ եմ տվել:
- Փաստորեն, եթե իմանայիք, որ այն օգտագործվելու է նախընտրական քարոզարշավի համար, թույլ չէի՞ք տա:
- Ոչ մեկին էլ թույլ չէի տա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ