ՀԱԿ-ի "ՍՈՈՒՍՈՒՄ" ԺՀԿ-Ն "ՀՈՒՄ" ՄՆԱՑ
ՀԱԿ համակարգող կամ կազմալուծող Լեւոն Զուրաբյանը շարունակում է ՀԱԿ-ը քարուքանդ անել: Կոնգրեսականներ` ԺՀԿ կուսակցության անդամներ Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գեւորգյանը հայտարարություն են տարածել ու մեղադրել "Ժողովրդավարական հայրենիք" կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին, թե պաշտոնի ապօրինի բռնազավթմամբ է զբաղված: Կուսակցական "դասալիքների" եւ իրադրության մեջ զուրաբյանական մասնակցության մասին "Իրավունքը" զրուցեց ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ հետ.
- Վերջիններիս պահվածքի հետ կապված մեկնաբանելու բան չկա, որովհետեւ երեկ քաղխորհրդի որոշումը հարցերի պատասխանը տվել է: Քաղխորհրդի որոշմամբª Ղուկաս Մեհրաբյանը ու Պետրոս Գեւորգյանը կանոնադրական պահանջները չկատարելու եւ կուսակցությունը քանդելու գործընթաց սկսելու համար հեռացվել են կուսակցությունից:
- Իսկ ճի՞շտ է, որ "Ժողովրդավարական հայրենիք" կուսակցության վերջին համագումարը եղել է 2010 թ. ապրիլի 4-ին:
- Դա Արդարադատության նախարարության հետ կապված հարց է, որը մենք չենք մեկնաբանում, որովհետեւ ուրիշ խնդիր է:
- Այնուամենայնիվ, Ձեր արդեն նախկին կուսակից ընկերների պնդմամբª ԺՀԿ-ի կանոնադրության համաձայն, պետք է ամեն տարի լինի կուսակցական համագումար եւ, փաստորեն, կոպտորեն խախտվել է ինչպես օրենքը, այնպես էլ կուսակցության կանոնադրությունը:
- Դա էլ այդպես չէ, իրենք լինելով նախկին կուսակցիներ, փաստորեն, շատ բանից տեղյակ չեն:
- Իսկ Ձեր լիազորությունները` որպես կուսակցության նախագահ, չի՞ ավարտվել, ինչպես նշում են Ղ. Մեհրաբյանն ու Պ. Գեւորգյանը:
- Բա որ իրենք մի շաբաթ առաջ գրում էին, թե կուսակցության փոխնախագահ ու կուսակցության քաղխորդի անդամ են, չէի՞ն մտածում, որ իրենց լիազորություններն էլ է դադարել: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ իրենցը չի դադարել, բայց Մակեյանինը դադարել է: Մակեյանինն էլ, իրենցն էլ հերթական համագումարում կդադարի ու նոր կազմ կընտրվի:
- Այսինքն` Դուք փորձելու եք Ձեր կուսակցությունը վերականգնե՞լ:
- Կուսակցությունը վերականգնելու խնդիր չկա: ԺՀԿ-ն կա եւ գործում է: Այդ երկու ընկերները պատվեր էին կատարում, կուսակցությունն էլ համբերեց, բայց երբ գործընթացը գնաց այն ուղղությամբ, որ փորձում էին նոր ԺՀԿ ստեղծել ՀԱԿ-ի "սոուսում", կուսակցությունը կանխեց դա:
- Ըստ Ձեզ, ո՞ւմ պատվերն էին կատարում նրանք:
- Ես ասել եմ արդեն, Լեւոն Զուրաբյանի պատվերն էին կատարում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ