Պարույր Հայրիկյան.Ես դեռ որոշում չեմ ընդունել, բայց ամեն ինչ գնում է այն հունով, որով պետք է գնար, այսինքն՝ ամսի 18-ին ընտրւթյուն պիտի լիներ
Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորի ենթարկված եւ դրա հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում վիրահատության ենթարկված Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն, այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում իր ոտքով դուրս եկավ Վերակենդանացման բաժանմունքից, ողջունեց դրսում հավաքվածներին, զրուցեց նրանց հետ։
Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ինքնազգացողությունը լավ է, գիշերը նորմալ է անցել, ցավեր չի ունեցել։ «Ես լավ եմ, մի երկու պրոցեդուրա կա, դրանք էլ անեմ։ Մի սկզբունք կա էլի, ավելի լավ է լինես առողջ, քան հիվանդ»,- ասաց նա։
Պարույր Հայրիկյանը նշեց, որ թեեւ բժիշկները հորդորել են չքայլել, բայց ամեն մարդ ինքն է իր բժիշկը եւ ինքը քայլում է, լավ է, կարող է նույնիսկ տուն գնալ։ Թեեւ բժիշկները նրան ասել են, որ մեկ շաբաթ պետք է պրոցեդուրաներ ընդունի, մեկ շաբաթ էլ մնա հիվանդասենյակում՝ հսկողության ներքո, բայց ինքը կարծում է, որ շատ ավելի շուտ դուրս կգրվի։
Մահափորձի ենթարկված ԱԻՄ նախագահն ասաց, որ վախենում է միայն Աստծուց. «Իհարկե, շատ տհաճ էր այդ պահը, վախ չէր, բայց հասկանում էիր, որ վերջն է, ուզես, չուզես։ Երեւի դրա պատճառով գոռացի, մի երկու կրակոց եղավ, գնդակը մտավ այստեղից եւ ոչ մի բան չվնասեց, նշանակում է՝ գոռալս տեղին էր»,- ասաց նա։
Պարույր Հյարիկյանից հետարքրքվեցինք նաեւ, թե այս դեպքից հետո զենքով ու թիկնապահներո՞վ է ման գալու, ինչին ի պատասխան, նա հայտնեց, որ կանի այն, ինչ օրենքը թույլ է տալիս եւ պահանջում է։ «Ես իրականում շատ կոշտ ձեւով հրաժարվել էի զենքից, բայց եթե դու գնում ես շատ կոշտ գործի, պիտի իմանաս, որ պետք է ապահովես քո անվտանգությունը»,- ասաց նա։
Նախագահի թեկնածուն մեկ անգամ եւս նշեց, որ դեմ է նոր ընտրություններ նշանակելուն։ Պարույր Հայրիկյանն ասաց, որ բոլոր մակարդակներով պայմանավորվել են, որ երկու շաբաթով ընտրությունները հետաձգվի, բայց ինքը վերջնական որոշում չի կայացրել եւ դեռ մտածում է դիմում գրի թե ոչ։
«Ես դեռ որոշում չեմ ընդունել, բայց ամեն ինչ գնում է այն հունով, որով պետք է գնար, այսինքն՝ ամսի 18-ին ընտրւթյուն պիտի լիներ, ես դեռ հայտարարություն չեմ արել»,- ասաց նա։
Պարուր Հայրիկյանը արձանագրեց, որ կատարվածը հարված է բոլորիս դեմ, իսկ նպատակն է՝ խաթարել հայ ժողովրդի, Հայաստանի պետականության ընթացակարգը։
Ասուլիսից առաջ Պարույր Հյարիկյանին այցելեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: