ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՇԱՐՔԵՐՈ՞ՒՄ
Պարզվում է, որ թեպետ հացադուլավոր Անդրեաս Ղուկասյանից ՀՀ նախագահի լուրջ թեկնածու դուրս չեկավ, բայց վերջինս կարող էր շատ լավ կոմունիստ դառնալ, ինչին նաեւ դեմ չեն Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները: Ինչպես տեղեկանում ենք մամուլի հրապարակումներից, Ա.Ղուկասյանը եղել է "ԽՍՀՄ-ին ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ" կոմիտեի նախագահը: Նույն աղբյուրի համաձայն, հացադուլավոր նախագահի թեկնածուն Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ու ճակատագիրը առավելապես վստահում է փլուզված ԽՍՀՄ-ին, քան նորանկախ Հայաստանին: Հետեւաբար, հարց է առաջանում` ինչո՞ւ կոմունիստական գաղափարներով տոգորված նորահայտ քաղաքական գործչին ՀԿԿ-ն չի ընդունում իր շարքերում: Սակայն, "Իրավունքի" հետ զրույցում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ հայտարարեց, որ ողջունում է Ա.Ղուկասյանի վերոնշյալ գաղափարները.
- Յուրաքանչյուր լուրջ մարդ համեմատում է ԽՍՀՄ ապրած հայ ժողովրդի տարիները եւ այն, թե այս վերջին քսան տարիներին ինչ է քաշել հայ ժողովուրդը: ԽՍՀՄ տարիներին Հայաստանը եղել է լավագույն հանրապետություններից մեկը, եւ Հայաստանի հինգ հազար տարվա պատմության մեջ այդ 70 տարիներին մեր երկիրն ապրել է փայլուն, ամեն ինչ արել է եւ զրոյական տարբերակից հասել է աշխարհի լավագույն երկրների մակարդակին: Ինչ վերաբերում է Անդրեաս Ղուկասյանի կոմունիստ դառնալուն, կուզեի ասել, որ մեր շարքերն ընդունվելու համար կան համապատասխան ընթացքներ, եւ եթե նա հիմա էլ ցանկություն ունենա, մենք հաճույքով կընդունենք նրա կոմունիստ դառնալու որոշումը: Դրա հետ միասին ցանկանում եմ, որ նա շուտափույթ եւ առողջ հաղթահարի այն դժվար հացադուլը, որ սկսել է:
- Բայց, Անդրեաս Ղուկասյանը չի ցանկանում հաղթահարել հացադուլը, այլ մտադիր է դառնալ "անհաղթահարելի խոչընդոտ", որպեսզի հետաձգվեն նախագահական ընտրությունները:
- Ես դրան էլ եմ շատ դրական վերաբերում, որովհետեւ այն, ինչ-որ տեղի ունեցավ քարոզարշավի ժամանակ, ցույց տվեց, թե ով ով է: Քարոզարշավը մեկ անգամ եւս ի մի կբերի, եթե տեղի ունենան հեռուստաբանավեճեր: Բանավեճերի ժամանակ կերեւա, ով ինչ մակարդակի է, եւ երկրորդ` այս քարոզարշավը քաղցր ստերով է լցված: Միշտ Ռազմիկ Դավոյանի խոսքն եմ մեջբերում այս դեպքում. "Ես չեմ ուզում ճշմարտությունը հաղթի, այլ ուզում եմ սուտը չանցնի ճշտի տեղ": Այ սա է, ոչ մի բան չի փոխվելու:
- Հնարավո՞ր է, որ Կոմկուսը Անդրեաս Ղուկասյանի կոմունիստական գաղափարները հաշվի առնելովª որոշի, այնուամենայնիվ, սատարել նրան:
- Այսօր այնքան մարդիկ են հայտարարում, որ ԽՍՀՄ-ն ավելի լավն է... Բայց արդեն կա Կոմկուսի որոշումը` չսատարել ոչ մեկին: Եթե նա նախօրոք այդ հայտարարությունն արած լիներ, ոչ թե ընտրություններից մի շաբաթ առաջ, ապա մենք կքննարկեինք այդ հարցը նույնպես:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ