"ՀԱԿ-Ը ԹՈԶ Է ՓՉՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՉՔԵՐԻՆ"
Երեկ ՀՀ 1-ին նախագահն իր ունեցած հարցազրույցում նշել է. "Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որ Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության": Հավանաբար, այս հայտարարությունը ՀԱԿ-ում գտնվող մի շարք քաղաքական ուժերին դուր չի գա, ուստի եւ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց. "Ժամանակը կգա` պարզ կլինի": Դուրս կգա՞ ՀՀՇ-ն ՀԱԿ-ից հարցին Ա.Մանուկյանը լրջագույն դեմքով, կտրուկ պատասխանեց. "Ոչ": Իսկ մեկ միասնական կուսակցություն դառնալու փաստը ՀԱԿ խմբակցության պատգամավորը ձեւակերպեց, որ "Կուսակցություն դառնալու փաստը ամենեւին էլ չի պարտադրում կուսակցության լուծարում",- ասաց Ա. Մանուկյանը եւ ձեռքերը թափահարելով, վազելով հեռացավ լրագրողների հարցախուզումից:
Այս իրավիճակի հետ կապված` "Իրավունքի" հետ զրույցում ՄԻԱԿ քարտուղար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նշեց.
- Հայ ազգային կոնգրեսը վերջին ճիգերն է գործադրում ընդդիմադիր քաղաքացիներին իր կողքը պահելու համար, ինչ-որ արհեստական բաներ է հորինում եւ, ժողովրդական լեզվով ասած, թոզ է փչում իրենց աչքերին` ապացուցելու, որ իրենք դեռ կան եւ դեռ ինչ-որ գործունեություն են ծավալում: Ես գտնում եմ, որ սա ավելի շուտ արհեստական է, բայց համբերենք ու տեսնենք, թե ինչ կլինի:
- Հրանտ Բագրատյանին չսատարելը եւ մեկ միասնական կուսակցություն դառնալը` արդյո՞ք տարաձայնություն չեք նկատում:
- Տարաձայնություն չնկատելու համար առնվազն պետք է կույր լինել: Բայց մեծ հարգանքով վերաբերվելով պարոն Բագրատյանին եւ նրա անցած ուղուն, գտնում եմ, որ դա անազնիվ էր հենց թիմի հանդեպ, եւ նույնը կարող էր պատահել ՀԱԿ-ում գտնվող յուրաքանչյուր մարդու հետ, ով առաջադրվեր: Չսատարել թիմակցին, իմ կարծիքով, դավաճանություն է:
- Ինչպե՞ս եք վերաբերում ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հացադուլին, որով նա փորձում է "անհաղթահարելի խոչընդոտ" դառնալ ընտրություններից առաջ:
- Իր ընտրած քարոզարշավային ձեւն ինձ համար ի սկզբանե անհասկանալի էր, քանի որ հենց նախագահի թեկնածուն ի սկզբանե գիտեր, որ դրանով որեւէ հասարակական կարծիքի փոփոխություն եւ ռեվոլյուցիա չի կարող անել: Ինձ մեկ այլ բան է մտահոգում, թե ինչու Անդրեաս Ղուկասյանը հացադուլ հայտարարելիս գրեց եւ իր կողքը դրեց օտարալեզու պաստառներ: Սա մի մտքի է հանգեցնում, որ միգուցե, դա դիտորդների կամ միջազգային կազմակերպությունների, կամ իրենց շռայլություններ թույլ տվող դեսպանների համար էր արվում, բայց ներողություն, դա համապետական ընտրությունների համար շատ ու շատ անհասկանալի քայլ է: Ինչ վերաբերում է իր առողջական վիճակին` ցանկանում եմ, որ որեւէ խնդիր չունենա, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նա անում է մի բան, որը կոչվում է` անիմաստ բարձրաձայնել գոյություն չունեցող խնդիրների մասին: Եթե քարոզարշավի մեկնարկին նա պաստառի վրա գրում է "stop fake elections", կամ "Շինծու ընտրություններին վերջ տանք", ապա նա ի սկզբանե գիտեր, որ անիմաստ էր նրա պայքարը, որովհետեւ ընտրությունները, ըստ նրա, պետք է լինեին շինծու, իսկ շինծու ընտրությունների համար 8 միլիոն գումար գրավ դնելը ես չեմ հասկանում:
- Շարունակելով ութ միլիոնի թեման, այսօր արդեն նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ԿԸՀ-ի առաջ հացադուլից հետո հանելու է իր թեկնածությունը եւ ըստ էության կրկին կորցնելու է մի հսկայական գումար: Սա ինչպես կդիտարկեք:
- Թույլ տվեք այս հարցին պատասխանել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այն խոսքերով, ով ասել է, որ "Մենք չենք քննադատում, չենք քննարկում եւ չենք պիտակավորում թեկնածուներին, այլ մենք կատարում ենք մեր գործը":
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ