"ՈՐՈՇ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ ՎԵՐ Է ԱԾՎԵԼ ԿՐԿԵՍԻ"
ՀՀ նախագահի թեկնածու, հացադուլավոր Անդրեաս Ղուկասյանը երկու օր առաջ հայտարարեց, որ ցանկանում է դառնալ "անհաղթահարելի խոչընդոտ" նախագահական ընտրությունների համար եւ ահա անցել է այդ սցենարի իրագործմանը: 17 օր սոված մնացած թեկնածուն ճնշման տատանումներ ունի, հիմնականումª 90-60: Զարմանալիորեն պարզվեց, որ այդպիսի ճնշման տակ, օրինակ, Ազգային ժողովում շատ պատգամավորներ եկել էին աշխատանքի: Մինչ ազգովի մտահոգված ենք Անդրեաս Ղուկասյան reality-show-ով, ի հայտ եկավ եւս մեկ նախընտրական "բեմադրություն": Արամ Հարությունյանը որոշել է մեկ օր հացադուլ անել, այնուհետեւ թեկնածությունը հանել: Ինչեւէ, նախընտրական հացադուլային համաճարակի եւ "անհաղթահարելի խոչընդոտ" դառնալու վերաբերյալ, "Իրավունքը" զրուցեց ԱԺ պատգամավորների հետ: Ի դեպ, սա այն բացառիկ դեպքերից է, երբ ընդդիմությունն ու իշխանությունը համակարծիք էին:
"ԵԹԵ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅԴՔԱՆ ՏԽՈՒՐ ՉԼԻՆԵՐ, ՇԱՏ ԱՎԵԼԻ ԾԻԾԱՂԵԼԻ ԿԼԻՆԵՐ"
Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ` Սահմանադրության մեջ նման կետ չկա, երբ թեկնածուներից որեւէ մեկը միտումնավոր, ինքնավնասման միջոցով փորձի խոչընդոտել համապետական ընտրութունների ընթացքը, եւ դրա պատճառով հետաձգվեն նախագահական ընտրությունները.
- Իրականում շատ ցավում եմ, որ պարոն Ղուկասյանը շարունակում է իր հացադուլը եւ մարդկայնորեն շատ կուզեի, որ դադարեցներ դա: Հարցերը լուծելու, մաքուր, ճիշտ, նորմալ ընտրություններ անցկացնելու բազմաթիվ այլ ճանապարհներ եւ ուղիներ կան, քան հացադուլն է: Ես հասկանում եմ, որ որպես քաղաքացի` նա իրավունք ունի բողոքի իր ձեւերն ընտրել, բայց մյուս կողմից, ինքսª որպես քաղաքացի, որպես` ԱԺ պատգամավոր, հորդորում եմ պարոն Ղուկասյանին ուղղակի դադարեցնել հացադուլը: Մեր ժամանակներում սթրեսի ու լարվածության պակաս, դժբախտաբար, չունենք, եւ շատ լավ կլինի, որ նախագահի թեկնածուները, եթե, իրոք, լրջորեն հավակնում են կամ հույս ունեն կամ նույնիսկ մտքների ծայրով անցնում է, որ իրենք արժանի են, իրենք հենց այն մարդիկ են, որ կարող են նախագահ լինել եւ առաջադրվել են, մի քիչ ավելի սթափ լինեն ու ճիշտ գնահատեն իրականությունը, որում ապրում ենք: Ես առողջություն եմ մաղթում պարոն Ղուկասյանին, սակայն կարծում եմ, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, եւ ինչ-որ մի պահից ինքը պետք է վերջացնի հացադուլն ու մտնի նախագահական քարոզարշավի բնականոն փուլ: Նա պետք է մյուս թեկնածուների նման ներկայացնի իր ծրագրերը, որովհետեւ վերջինս այսօր զբաղված է ոչ թե իր ծրագրերը ներկայացնելով, այլ զբաղված է քարոզչությամբ` ընդդեմ չգիտես թե ում, չգիտես թե ինչի համար: Իսկ ես միշտ էլ համոզված եմ եղել, որ ընդդեմ քարոզչությունը որեւէ տեղ չի տանի:
- Տիկին Եսայան, Անդրեաս Ղուկասյանից բացի, հիմա էլ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն է որոշել մեկօրյա հացադուլ հայտարարել: Ինչպե՞ս եք վերաբերում այս թեկնածուի նման որոշմանը:
- Եթե ամեն ինչ այդքան տխուր չլիներ, շատ ավելի ծիծաղելի կլիներ: Ամեն դեպքում, ես հարգում եմ իրենց որոշումը, դա իրենց որոշելիքն է, թե ինչպես արտահայտվեն, ինչպես իրենց ներկայացնեն: Հիմա թող այդ մյուս թեկնածուն էլ մեկ օրով հացադուլ հայտարարի եւ դա, ասենք, որպես հրապարակային գործողություն դիտվի, թող նստի ու մի օր հաց չուտի, դրանից որեւէ վնաս ինքը չի կրի: Ընդհակառակը, կշահի, բայց թե հասարակությունն ինչ կշահի, վստահ եղեք, որ որեւէ բան չի շահելու: Ուղղակի որոշ թեկնածուների համար նախագահական ընտրությունների նախընտրական շրջանը վեր է ածվել մի տեսակ կրկեսային բեմադրության: Սա մի կողմից լավ է, հասարակությունը զբաղվում է իրենցով, մյուս կողմից էլ վատ է, որովհետեւ շատ ավելի լուրջ գործընթաց է նախագահական ընտրությունները, քան ոմանք պատկերացնում են: Կցանկանայի, որ նրանք ավելի լուրջ մոտենային, որովհետեւ այս նախագահական ընտրություններով է որոշվելու ՀՀ ճակատագիրը հետագա 5 տարիների համար եւ նաեւ դրանից հետո: Կարծում եմ, որ լրջությունը չէր խանգարի որոշ թեկնածուների:
"ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԱՅԴՊԻՍԻ ՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵԼՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է"
Անդրեաս Ղուկասյանի ինքնավնասման միջոցով ընտրությունները խափանելու անհաջող ծրագրին անդրադառնալով` ՕԵԿ խմբակցության նախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ նշեց.
- Ճիշտն ասած, արհեստականորեն ստեղծել այդպիսի վիճակ, անընդունելի է: Կարծում եմ, առաջին հերթին յուրաքանչյուր մարդ կարեւորում եւ արժեվորում է իր առողջությունը, որովհետեւ առողջ հոգում առողջ մտածելակերպ է լինում եւ առողջ մոտեցումներ: Մենք տեսնում ենք, որ հենց նույն պարոն Ղուկասյանը այն թեկնածուն չէ, որ նա կարող է հակակշիռ առաջացնել քաղաքական գործընթացներում: Եվ այս դեպքում, չեմ հասկանում, թե ինչու է այդ ճանապարհով գնում Ա. Ղուկասյանը: Ես կոչ եմ անում, որ դադարեցնի հացադուլը, որովհետեւ անընդունելի ճանապարհով է գնում:
- Ի՞նչ եք կարծում, Ա.Ղուկասյանի "անհաղթահարելի խոչընդոտ" դառնալու ծրագիրը "կհաջողվի՞":
- Այդպիսի գործով զբաղվելը հաջողություն չէ: Հաջողությունն այն կլինի, որ քարոզարշավը անցկացվի բարձր մակարդակով, խոչընդոտներ չառաջացնեն, բոլոր թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերն ու մոտեցումները: Ի վերջո, ընտրությունների նախընտրական գործընթացը նրա համար է, որպեսզի թեկնածուները ներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը եւ հանրությունը կարողանա կողմնորոշվել, թե ում ձայն տա: Եթե նույնիսկ երկու շաբաթով էլ հետաձգվեն նախագահական ընտրությունները, միեւնույն է, վստահ եմ, որ հաղթելու է գործող նախագահը: Արհեստականորեն ընտրությունները հետաձգել, նշանակում է ուղղակի շինծու խնդիր ստեղծել, չգիտես ինչու ապակայունացնել երկրի ներքին վիճակը, որը բացարձակապես անընդունելի է, առավել եւս իր առողջության հաշվին: Եվ ի՞նչ է ուզում սրանով ապացուցել, բոլոր քաղաքական գործիչներն էլ, քաղաքական թիմերն էլ պայքարում են: Կան ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք շատ լավ ամբիոններից քննադատում են իշխանությանը, բարձրացնում են այն խնդիրները, որոնք այսօր բաց են, ներկայացնում են իրենց կարծիքները, քննադատության են ենթարկում իշխանությանը, որպեսզի եղած սխալները ուղղվի, սա է քաղաքակիրթ ճանապարհը: Ես իրեն խորհուրդ կտամ, որ զբաղվի իր առողջությամբ, հետո որպես առողջ եւ ուժեղ մարդ զբաղվի քաղաքականությամբ: Եթե նույնիսկ հետաձգվեն ընտրությունները եւ Սահմանադրության 52-րդ հոդվածի շրջանակներում լինեն խոչընդոտներ, միեւնույնն է, կարծում եմ, որ հանրության մեջ որեւէ փոփոխություն չի լինելու:
Ես առողջություն եմ ցանկանում եւ կոչ եմ անում, որ իր ընտանիքը անպայման հորդորի պարոն Ղուկասյանին հետ կանգնել այդպիսի ճանապարհից:
"ԻՆՉ-ՈՐ ՇՈՈՒԻ ԷԼԵՄԵՆՏ Է ՄՏՆՈՒՄ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ"
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ փորձում է ձեռնպահ մնալ որեւէ կերպ հացադուլավոր թեկնածուներին մեկնաբանելուց.
- Ի սկզբանե, ինձ համար հասկանալի չեն եղել Անդրեաս Ղուկասյանի հացադուլ հայտարարելու մոտիվացիաները: Ես նկատեցի, որ երկու օր է նրա առողջության հետ կապված խնդիրներ կան, բայց կոնկրետ այդ անձնավորության վերաբերյալ ձեռնպահ եմ մնում որեւէ բան մեկնաբանել: Ինձ համար նրա, ընդհանրապես առաջադրման եւ հացադուլի հետ կապված, մի շարք հարցականներ կան, երբ կպարզեմ, այդ ժամանակ կանդրադառնանք:
- Տեղյա՞կ եք, որ հիմա էլ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունն է անցել 24 ժամյա հացադուլի:
- Ցավում եմ, որ ինչ-որ շոուի էլեմենտ է սկսում մտնել ընտրապայքարի մեջ: Հացադուլը, կարծես թե, դառնում է ինչ-որ պարտադիր արարողակարգ ընտրապայքար անցկացնելու համար: Քանի որ ինքս ինձ համար որոշում եմ կայացրել որեւէ կերպ չմեկնաբանել այս նախագահական ընտրությունները, կփորձեմ հավատարիմ մնալ իմ խոստմանը: Չնայած որպես նախկին լրագրող, գայթակղությունը շատ մեծ է` շատ բան մեկնաբանելու:
"ՊԵՏՔ ՉԷՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՌՆԱԼ"
ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ գտնում է, որ Անդրեաս Ղուկասյանի "անհաղթահարելի խոչընդոտ" դառնալը զուտ օրենքի մեկնաբանման խնդիր է.
- Միայն պետք է ասեմ, որ Անդրեաս Ղուկասյանին մաղթում եմ առողջություն, թող շուտափույթ դուրս գա հացադուլից, միանա պայքարին եւ իր գաղափարներով փորձի ոգեշնչել ժողովրդին` անպայման գնալ եւ մասնակցել ընտրություններին, քանի որ այդպես են փորձում նախագահ լինել: Պետք չէր նախագահի թեկնածու դառնալ, եթե միայն բողոքի խնդիր էր բարձրացնելու: Ես հարգում եմ իր արարքը եւ ուզում եմ, որ մտածի իր առողջության մասին ու իր գաղափարներով, իր տեսլականով պայքարի բոլորի հետ միասին` դեպի այն Հայաստանը, որը եւ ինքն է երազում ունենալ:
- Սահմանադրությամբ արդյո՞ք հնարավոր է, որ ինքնավնասման միջոցով Ա.Ղուկասյանին հաջողվի հետաձգել ընտրությունները:
- Դա մեկնաբանության խնդիր է, որովհետեւ այնտեղ կա մի կետ, որտեղ ասվում է, որ անկախ իր կամքից առաջացած անհաղթահարելի խոչընդոտի դեպքում կարող են հետաձգվել ընտրությունները: Քանի որ հացադուլն այսօրվա դրությամբ ինչ-որ չափով գիտակցված քայլ է, եւ ոչ մի բան անկախ իր կամքից չէ, ինձ թվում է, այդտեղ մեծ խնդիր է լինելու: Գտնում եմ, որ պետք չէ ընկնել այդ ծայրահեղության շրջանակը, լավ կլինի նա միանա բոլոր ընդդիմադիրներին եւ միասնական ուժով փորձենք ներկայանալ ընտրություններին:
- Իսկ ի՞նչ կասեք մյուս հացադուլավոր թեկնածուի` Արամ Հարությունյանի մասին:
- Ամեն թեկնածու իրավունք ունի իր քայլերը որոշել: Ես կողմնորոշվել եմ ում եմ ընտրելու: Ընտրելու եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե մեկն ինձ հարցնի, թե ո՞ւմ պետք է ընտրել, կասեմ` ընտրեք Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ հնարավոր է, որ մենք բերենք հաղթանակ:
"ԱՅԴ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է"
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ համար "անհաղթահարելի խոչընդոտ" ստեղծելը անտրամաբանական է.
- Որտեղի՞ց եք որոշել, թե Անդրեաս Ղուկասյանը մտադիր է անհաղթահարելի խոչընդոտ դառնալ:
- Ինքն է հայտարարել, պարոն Ռուստամյան:
- Ես չեմ լսել այդպիսի հայտարարություն:
- Այնուամենայնիվ, ինքնավնասման միջոցով մի՞թե նախագահի թեկնածուն կարող է հետաձգել ընտրությունները:
- Դա բոլորովին այլ հարց է: Անհաղթահարելի խոչընդոտներ առաջանում եմ ոչ իրենց կամքով: Մինչդեռ անհաղթահարելի խոչընդոտներ առաջացնելու վիճակ չի կարող գոյություն ունենալ:
- Բայց այս դեպքում, փաստորեն, հենց այդպես էլ կա:
- Դրա համար այդ մասին խոսելն անիմաստ է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ