Րաֆֆի Հովհաննիսյանը Քաջ Նազարի բախտին արժանացավ
Րաֆֆի Հովհաննիսյանը Քաջ Նազարի բախտին արժանացավ այն առումով, որ ըստ էության, այնպես ստացվեց, որ ժամանակին ԼՏՊ-ին տված ձայները, որոնք հետո` 2012 թվականի ԱԺ ընտրություններին ուղղվեցին ԲՀԿ-ին, այս անգամ իրենից անկախ հայտնվեցին Րաֆֆիի մոտ,- այսօր "Տեսակետ" մամուլի ակումբում նշեց ՍԻՄ նախագահ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Հայաստանում կա մոտ 500 հազար մարդ, ովքեր լիբերալ` ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ , գաղափարախոսության կողմնակիցներն են: Սա իրականում բախում էր ազգային պահպանողական գաղափարախոսության, որի առաջնորդն է Սերժ Սարգսյանը եւ լիբերալ գաղափարախոսության միջեւ: Այդ լիբերալ գաղափարախոսությունը մեզ մոտ ներկայացված է տարբեր անձանցով` ԼՏՊ, ՀԱԿ-ի մի շարք ներկայացուցիչներ, Րաֆֆին, այսինքն` դրանք արեւմտամետ եւ ապազգային գաղափարախոսության կողմնակիցներն են: Այնպես ստացվեց, որ այդ լիբերալ գաղափարախոսության կրողները, որոնց մեջ են նաեւ մի շարք մարդիկ, ովքեր պարզապես հրաման են ստանում այս կամ այն արեւմտյան դեսպանատնից, այդ մարդիկ պարզապես այլ տեղ չունեին ձայն տալու` տվեցին Րաֆֆին: Պարզ է, որ նա չի կարող տիրապետել այդ ձայներին, նա օրական հինգ-վեց անգամ փոխում է իր որոշումները, ծրագրերը: Կարծում եմ, որ ամենալավ բանը, որ ինքը կարող էր անել իր համար, այդ քաջ Նազարի բախտով իր վրա ընկած քաղաքական կապիտալը հարկավոր էր ոչ թե ցրել շատ անլուրջ եւ ծիծաղ առաջացնող պահվածքով, այլ փորձեր այդ քաղաքական կապիտալը իրագործել: Բայց նա իր գործունեության ընթացում ունեցել է հնարավորություն դառնալ լուրջ քաղաքական ուժ, բայց բոլոր դեպքերում նա վարվել է այնպես, որ արդյունքում մնացել է ոչինչով, ինչպես, որ նա կործանեց նախկին ԱԺ-ում բավականին ազդեցիկ ֆրակցիան: Այնպես որ, ես նրան այլեւս խորհուրդ չեմ կարող տալ:, -եզրափակեց պատգամավորը: