«ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ`ԴՆԵԼ ՄԵԿ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ». ՓԱՍՏԱԲԱՆ
Եվրադատարանում ՀՀ ներկայացնող փաստաբաններից մեկը`Արա Ղազարյանը երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ համեմատել էր համասեռամոլներին եւ Ցեղասպանության ենթարկված հայերին: Ա. Ղազարյանի այս անհեթեթ համեմատության մասին «Իրավունքը» խոսեց «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Լեւոն Բաղդասարյանի հետ: Նրա խոսքով`իրավաչափ չէ եւ սխալ է, երբ այդպիսի համեմատություններ են անում,առավել ևս, Ցեղասպանության ենթարկված հայի ժառանգները. «Եթե այսօր աշխարհում Հոլոքոստի մասին բացասական արտահայտվողները ենթարկում են քրեական պատասխանատվության, ապա Հայոց Ցեղասպանությունը եվրոպական շատ երկրներում չի դիտվում այն հարթության վրա, ինչ որ Հոլոքոստը: Ես որպես իրավապաշտպան, եւ ինձ նման շատերը, բարձրաձայնում ենք աշխարհի երկակի ստանդարտների մասին»,-նշեց ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ եւ ավելացրեց, որ անթույլատրելի է փոքրամասնությունների գործառույթները եւ տեղի ունեցած փաստը, Հայոց Ցեղասպանությունը, դնել մեկ հարթության վրա եւ համեմատել: Ըստ Լեվոն Բաղդասարյանի, եթե Արա Ղազարյանը եվրոպական արժեքների կրողն է, ապա ինքը, որպես իրավապաշտպան` կրողն է եվրոպական շատ արժեքների, բայց միեւնույն ժամանակ բարձրաձայնում է նաեւ աշխարհի երկակի ստանդարտների մասին.
Անդրադառնալով եվրոպասեր փաստաբանի կողմից արած այն հայտարարությանը, թե փոքրամասնությունների նկատմամբ Հայաստանում ցուցաբերում են անհանդուժողականություն Լ. Բաղդասարյանը ընդգծեց. «Այն բանից հետո , երբ «Իրավունքը» շահեց դատական հայցը, որոշ անձանց մոտ թյուր կարծիք ձևավորվեց, որ սեռական փոքրամասնություններին չեն հադուրժում: Երբ երգչուհիներ Ինգա Անուշ Արշակյանները հայտնեցին իրենց կարծքիը Կոնչիտայի մասին, իսկ սեռական փոքրամասնությունները հակադարձեցին նրանց եւ քննադատեցին, սա ես դիտարկեցի, որպես ազատ կարծիք: Իսկ երբ լրագրողն է արտահայտում իր կարծիքը, այդ դեպքում այն ոչ թե պետք է դիտել անհանդուրժողական վերաբերմունք, այլ պետք է դիտարկել ազատ մամուլի հետ կապված գործառույթ»,-մեկնաբանեց Լ. Բաղդասարյանը, ընդգծելով. «Եթե տվյալ իրավապաշտպանը արտահայտել է իր կարծիքը, սա ընդհամենը կարծիք է»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ