ՓՈՔՐԻԿ ԲԵԹԹԻՆ ՋԵՐՄԱՑՐԵՑ ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՍՐՏԵՐԸ 39 ԱՍՏԻՃԱՆ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ
Րոպեներ առաջ ավարտվեց մանկական «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթը, որտեղ 151 միավորով առաջին տեղը զբաղեցրեց Իտալիայի ներկայացուցիչ Վինչենցոն` իր առաջին սիրո մասին երգով: Երկրորդ հորիզոնականում` Բուլղարիայի ներկայացուցիչն էր: Մրցույթում Հայաստանը ներկայացնող 11-ամյա Բեթթին իր «Արեւի մարդիկ» երգով` 144 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Այս տարի եւս մրցույթի հաղթողը որոշվեց ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկությամբ` 50/50 հարաբերակցությամբ: Այդ ամենից բացի մրցույթի կանոնների համաձայն Եվրոպական հեռարձակողների միությունը բոլոր 16 մասնակից երկրներին տվեց 12-ական միավոր: Իսկ Հայաստանին առաջին 12 միավորը տվեց Բելառուսը, հետո Բուլղարիան, Վրաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը եւ Մալթան: 10 միավոր տվեց Նիդեռլանդները, 8 միավոր`Շվեդիան եւ Սլովենիան, 7 միավոր` Սան Մարինոն, 6-ական միավոր` Խորվաթիան, Կիպրոսը եւ Սերբիան, եւ 2 ական միավոր ստացանք Իտալիայից եւ Մոնտենեգրոյից:
Չնայած` փոքրիկ Բեթթին ելույթ ունեցավ 39 աստիճան տաքությամբ, ինչը պարբերաբար հիշեցնում էր հեռարձակման ընթացքում Հայաստանից վարող Ավետ Բարսեղյանը, ով հենց երգի խոսքերի հեղինակն է: Ինչեւէ, 39 աստիճան ջերմությունը չխանգարեց փոքրիկին փայլուն ելույթ ունենալ: Այս հանգամանքը կարծում ենք մեծերի «Եվրատեսիլում» հանդես եկող Հայաստանի որոշ ներկայացուցիչներ հետեւություններ կանեն, ու այլեւս չեն պատճառաբանի, թե ելույթից առաջ մի քիչ մրսած էինք, տաքություն ունեինք կամ էլ` ամենասարսափելին, որ մեր ելույթի ժամանակ միկրոֆոններն անսարք էին կամ տեխնիկան էր վատը…
Այնուամենայնիվ, փոքրիկ Բեթթիին հաջողվեց գրավել դահլիճն ու ջերմացնել հեռուստադիտողների հազարավոր սրտերը իր «Արեւի մարդիկ»-ով: Սակայն, կարծես, Եվրոպան մանկական «Եվրատեսիլը» խառնեց մեծերի «Եվրատեսիլի» հետ ու մանկական որեւէ կատարում ընտրելու փոխարեն, ձայն տվեց սիրային թեմայով երգող իտալացի փոքրիկին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ