«ԵԱՀԿ-Ի ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՌԵՑՆԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
Change.org կայքում տեղադրվել է հայկական ուղղաթիռի խոցման հետեւանքով զոհված օդաչուների լուսանկարները եւ հայտարարվել ստորագրահավաք՝ հետեւյալ կոչով. «Դիմում ենք ՀՀ իշխանությունների բոլոր օղակներին՝ սառեցնել ԵԱՀԿ մտնող երկրների հետ ցանկացած կապ, քանի դեռ նրանք չեն ուզում լուծել տարրական հումանիտար հարց, այն է՝ զոհվածների դիակների դուրս բերման հարցը: Այս քայլի կատարման համար ԵԱՀԿ և այն կազմող երկրները ունեն այդ հնարավորությունը: Սա նրանց կողմից ցուցաբերած հրեշավոր անտարբերություն է, ինչը և պարբերաբար պատճառ է դարձել շփման գծում բազմաթիվ զոհերի»: Այսօր «Իրավունքը» ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց` արդյոք ստորագրահավաքի բովանդակությունն իր համար ընդունելի է: «Տեղյակ չեմ այդ ստորագրահավաքից: Բայց դրա քաղաքական ողջամտությունը չեմ կարողանում հասկանալ ու ընկալել: Չեմ կարծում, որ դա է այն ճանապարհը, որով պետք է հարաբերվենք ԵԱՀԿ անդամ երկրների հետ»,- ասաց պրն հանձնաժողովի նախագահը` հավելելով, որ ողջամիտ չէ ԵԱՀԿ անդամ երկրների հետ հարաբերությունները սառեցնելը:
«Ժառանգության» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը եւս տեղյակ չէր ստորագրահավաքի մասին, բայց ասաց, որ ճիշտ չէ սառեցնել հարաբերությունները ԵԱՀԿ անդամ երկրների հետ, քանի որ դա այն հարթակներից մեկն է, որտեղ պետք է կարողանանք պայքարել. «Եթե մենք բոլորի հետ սառեցնենք մեր հարաբերությունները, մենք ենք դուրս մնում»:
Սոնա Դավթյան