ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳՈՎ
Մեր սահմանների եւ խաղաղ գիշերների միակ պահպանները ՆՐԱՆՔ են`Հայոց հաղթական բանակի քաջարի զինվորները: Նրանք են, որ գիշեր ցերեկ կանգնած են խրամատում եւ հսկում հայրենի երկրի սահմանները: 18-20 տարեկան պատանիներ, որոնց նպատակը մեկն է`մեծ պատվով կատարել իրենց պարտքը Հայենիքի հանդեպ: Նրանցից յուրաքանչյուրն առանձին անհատականություն է`իր ուրույն մտածելակերպով: Ինչպես զինվորներից շատերն են խոստովանում, որպես անհատ ձեւավորվում են ծառայության երկու տարիների ընթացքում: Ընդհամենը երկու տարի եւ այնքան ձեռքբերումներ…
Մեր զրուցակիցը Իջեւանի N զորամասի ժամկետային զինծառայող 19-ամյա Աղաջանն է: Նա մասնագիտությամբ գեղանկարիչ է, որի պատճառով էլ մտերիմների եւ սպայական անձնակազմի կողմից ստացել է Նկարիչ անունը: Այս «գաղտնիքը» մեզ հետ զրույցում բացահայտեց զորամասի սպաներից մեկը. «Մեր զինվորները բոլորն էլ խելացի են, եթե ուզում եք լավագույն զինվորների հետ զրուցել, ապա ստիպված կլինեք մի քանի օր շարունակ զորմասում մնալ, թե չէ մեկ օրում չեք հասցնի բոլորի հետ զրուցել: Նրանցից մեկը մեր Աղաջանն է`Նկարիչը, զրուցեք ու կտեսնենք, թե ով է հայ զինվորը»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց սպան եւ կանչեց Աղաջանին:
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ»
-Արդեն 16 ամիս ծառայում եմ հայոց բանակում, մասնագիտությամբ գեղանկարիչ եմ, բայց այժմ`զինվորական: Այս ամիսների ընթացքում շատ ձեռքբերումներ եմ ունեցել ու ամենկարեւորն այն է, որ ծառայելուն զուգահեռ կարողանում եմ ստեղծագործել: Այսինքն`բանակում ստեղծագործելու հնարավորություն տրվում է բոլորին: Ժողովուրդը ճիշտ է ասում, որ տղային բանակն է դարձնում տղամարդ: Ծռայությունից հետո տուն ես վերադառնում, որպես տան տղա: Հպարտ եմ, որ ծառայում եմ հայոց բանակում: Ճիշտ է ծառայության սկզբում որոշ տարաձայնություններ ունենում ենք ծառայակիցների հետ եւ դա բնական է: Սակայն հետո դառնում ենք ընկերներ եւ այդ ընկերությունը օգնում է շատ դժվարություններ հաղթահարել: Բացի այդ, մեր կողքին են նաեւ սպաները, ովքեր հարգում եւ հասկանում են զինվորին ու այդ ամենը փոխադարձ է: Զինվորը սպայի խոսքը չպետք է անտեսի, քանի որ նա ունի ծառայողական փորձ եւ գիտի, թե ինչ է պահանջում զինվորից:
«ՄԵՆՔ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳՈՎ»
-Բոլորն էլ գիտեն, որ տարածաշրջանում հայոց բանակը աչքի է ընկնում իր մարտունակությամբ: Եթե չունենայինք այսպիսի բանակ եւ Հայրենիքի նվիրյալներ, ապա արցախյան պատերազմում այդպիսի փայլուն հաղթանակ չէինք տանի: Այս ամենն էլ մեզ ոգեշնչում է, որ պատվով կատարենք մեր պատքը եւ ծառայենք մարտական ոգով: Եթե Աստված չանի պատերազմ լինի ես վստահ եմ, որ հայ զինվորները մեկ մարդու նման ոտքի կկանգնեն եւ զենքը ձեռքին կպաշտպանեն հայրենիքը: Մենք միշտ հաղթում ենք, քանի որ ունենք բարձր մարտական ոգի:
«ԲԱՆԱԿԻ ԱՌՕՐՅԱՆ ԿՆԿԱՐԵՄ ՏԱՔ ՈՒ ՋԵՐՄ ԳՈՒՅՆԵՐՈՎ»
-Իմ նկարներից շատերը նվիրում եմ սպաներին: Եթե կտավին փոխանցելու լինեմ բանակի առօրյայից մի հատաված, ապա այդ պատկերը կնկարեմ տաք ու ջերմ գույներով: Ես ռեալիստ նկարիչ եմ, սիրում եմ բնականը, այն ինչ տեսնում եմ վերցնեմ եւ բնական ձեւով մատուցեմ մարդկանց: Ցուցահանդեսների շատ եմ մասնակցել զորմասում եւ զորմասից դուրս, շուտով պետք է մասնակցեմ նաեւ համաբանակային ցուցահանդեսի:
8 ամսից կզորացրվեմ, քաղաքացիական կյանքում էլ շատ անելիքներ ունեմ, նախ`պետք է ավարտեմ ուսումս, բայց սա չի նշանակում, որ Հայրենիքի նկատմամբ իմ պարտքը կավարտվի երկու տարով: Այժմ ամենաշատը կարոտել եմ մայրիկիս, ուզում եմ իմ սիրելիին`Մարետին բարեւեմ եւ ասեմ, որ սպասի իմ վերադարձին:
Աղաջանի հետ զրույցն ավարտում ենք, որից հետո լուսանկարվում եւ բարի ծառայություն մաղթում մեր խաղաղ գիշերների ու հայրենի սահմանների անառիկությունը պաշտպանողներին` Հայոց բանակի քաջարի զինվորներին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ