ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՐԵԿՈՆ
Նոյեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա երգահան-բանաստեղծ, հեռուստատեսային բեմադրիչ, ռեժիսոր, լրագրող, շինարար-ինժեներ, ՀՀ ժողովրդական արտիստ ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ համերգային երեկոն:
«Երեկոն կվերնագրեի «Երգի երկունքը». երգը ծնվում է սիրուց, իսկ սերը կնոջ ու տղամարդու ճիշտ հանդիպումն է: Իմ ստեղծագործությունների երաժշտությունը կինն է, բանաստեղծությունը` տղամարդը, և եթե նրանց հանդիպումը համահունչ էլինում, ինչպիսի՜ մեղեդի է ծնվում… Երաժշտությունը պետք է ամուսնանա բանաստեղծության հետ`ստեղծելով օրինակելի ընտանիք: Երգն ուղղակի տաշի-տուշի չէ, դա էլ, իհարկե, թող լինի, անհրաժեշտ է, բայց երբ երգը բեմ է բարձրանում, պետք է հավուր պատշաճի ներկայանա»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում նշում է մաեստրո Պասկևիչյանը և շարունակելով իր մտորումները երգ կոչված կախարդանքի մասին` հավելում. «Երգը կենդանի օրգանիզմ է, նա ունի իր հոգին և ոգին, երգն ունի իր տրամաբանությունն ու տրամադրությունը, երգն ունի իր շնչառությունը, ունի իր գույները, երգն ունի իր ջերմաստիճանը… »:
Երեկոյի ընթացքում կոմպոզիտորի ստեղծագործություններով բեմում կլինեն Ռաիսա Մկրտչյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Համլետ Գևորգյանը, Արսեն Գրիգորյանը(Ասո), Մկրտիչ Մկրտչյանը(Մակիչ), Վարդան Բադալյանը, Կարեն Մշեցին, Դավիթ Շեկոյանը, Անահիտ Սահակյանը, Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնը» և էլի տաղադավոր արտիստներ ու անակնկալներ:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ