«ԴԵՊԻ ՑՄԱՀ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ». ՊԱՅՔԱՐԻ, ԿԱՄՔԻ, ՈՒԺԻ, ՆՎԻՐՄԱՆ ՈՒ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ 19 տարի անազատության մեջ գտնվող ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ «Դեպի ցմահ ազատություն» երկլեզու գրքի շնորհանդեսը: Ցմահ դատապարտված Մ. Ենոքյանի պատմվածում դատապարտյալն անդրադարձել է 1990-ականների անկախ Հայաստանի առաջին տարիների անարդարություններին: Հեղինակը 20 տարեկանում հայտնվել է մահապատժի դատապարտվածների հարկաբաժնում: Դաժան, անմարդկային պայմաններ, որտեղ պետք էր գոյատեւել`պահպանելով խիղճ, սեր, հոգեւոր արժեքներ: Պատմվածքը հանուն ազատության, հանուն կյանքի մղվող հեղինակի 19-ամյա պայքարի, կամքի, ուժի, նվիրման եւ սիրո մասին է: Դատապարտյալը մասնակցել է «Orange» ընկերության կազմակերպած «Գրքի մրցույթին-2013-ին»` իր նոր` «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքով, սակայն կազմակերպության կողմից ճնշում է գործադրվել ժյուրիի վրա, և նրա պատմվածքը չի քննարկվել եզրափակիչ փուլում: «Օրանժի» ղեկավարության պատճառաբանությունն այն է եղել, որ ցմահ բանտարկյալին մրցանակ տալով՝ իրենց շուկային հարված կլինի:
Գիրքը՝ հայերեն ու անգլերեն, տպագրվել է քաղաքացիների աջակցությամբ, ովքեր չեղյալ են հայտարարել Օրանժի մրցանակաբաշխությունը՝ մրցանակը հանրության անունից հանձնելով Մհեր Ենոքյանին:
1996 թվականին Երեւանի պետական բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող 20-ամյա Մհերը մեղադրվեց համակուրսեցու սպանության մեջ եւ դատապարտվեց մահապատժի: Նա ո′չ դատարանում, ո′չ էլ այժմ իրեն մեղավոր չի ճանաչում.«Մեղավոր եմ այնքանով, որ միգուցե վախից չկարողացա փրկել ընկերոջս կյանքը»,-իր գրքերոմ գրում է նա:
38-ամյա Մհեր Ենոքյանը 19 տարի գտնվում է փակ ռեժիմային գոտում եւ պայքարում է իր դեմ հարուցված քրեական գործը վերաբացելու համար: Սակայն մինչ այսօր որեւէ արդյունք չկա: Նա բացի պատմվածքներ գրելուց, նկարում է, սովորում բուհում, թղթակցում մամուլին, կատարում թարգմանչական աշխատանքներ եւ ապրում ակտիվ հասարակական կյանքով: Երկու հեղինակային եւ մեկ թարգմանական գրքի հեղինակ է:
Ներկայացնում ենք «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքից որոշ հատվածներ.
«20 տարեկանում ես ստացա մահվան թուղթ: Հա, հա դա թուղթ էր այն մասին, որ ես այսուհետեւ չկամ: Իսկ իմ բոլոր փորձերն ապացուցելու, որ ես ՈՂՋ եմ , որ կարող եմ սիրել, կարոտել, արտասվել, նկարել, տխրել, տառապել, հրճվել…… ռոբոտ-դատավոր-գերեզմանափորները չէին էլ կարող տեսնել, նրանք հոգու աչքեր չունեին: Նախորդ դարից մահվան տանն եմ, որտեղից էլ գրում եմ….»:
«Մահվան տանը գտա մի գրադարան`լի հին, խոնավ, քրքրված գրքերով: Կա′մ պիտի կարդայի ամենը, կա′մ պիտի օրական 60 ժամ նայեի գորշ պատերին: Լավ էր , որ ընտրություն ունեի: Ես ընտրեցի գրքերը: Կարդում էի` ինչ պատահի, կարդում էի անընդհատ: Եւս մեկ բանաձեւ չգժվելու համար…..»:
«Չորս տարի ինքս իմ աչքերի մեջ չէի նայել.հայելի չկար: Թեպետ մեկ-մեկ ալյումինե թասի մեջ էի փորձում մարդկային արտացոլանքս տեսնել, որ գոնե զգամ թե հետս մարդ կա: Բայց այդպես զրուցել անհնար էր`միայն ուրվագծերն էին երեւում…»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ