«ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ ԻՐ ՔԱՅԼՈՎ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայ ավետարանական եկեղեցու նախկին հովիվ, վերապատմելի Արմեն Միքայելյանի դատական գործընթացն ընդդեմ հայաստանյան ավետարանչական միության շարունակվում է: «Իրավունքի» հետ զրույցում կարգալույծ արված հովիվը հիշեցրեց, որ նոյեմբերի մեկին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ հերթական դատական նիստը, որին մասնակցում էր նաեւ Ամերիկայի ավետարանչական ընկերակցության հայկական մասնաճյուղի ղեկավար Հարություն Ներսիսյանը: «Պատասխանող կողմի Ամերիկայի ավետարանչական ընկերակցության հայկական մասնաճյուղի շահերը պաշտպանող իրավաբանները պնդում էին, որ մարզերում գործող գրասենյակները փակվել են ֆինանսերի բացակայության պատճառով, բայց մենք ունենք ԱՄՆ-ի գրասենյակի խորհրդի որոշումը, որտեղ հստակ չի երեւում, թե ֆինանսն է պատճառը գրասենյակների փակման: Պարզապես նշվում է, որ անարդյունավետ են աշխատել: Սակայն դատական նիստում պարզ դարձավ, որ գրասենյակների փակման պատճառը ֆինանսը չի եղել, այլ իմ բողոքը»,- ասաց պրն Միքայելյանը:
Դատական նիստում Հարություն Ներսիսյանը, ըստ Միքայելյանի, ոչ բոլոր հարցերին է կարողացել պատասխանել, որոշ փաստերի տեղյակ չի եղել: Սակայն կարգալույծ արված հովիվը չի հավատում, եւ գտնում է, որ պրն Ներսիսյանը իրոք շատ փաստերի տեղյակ չէ. «Դրանով նա փորձում է ազատվել պատասխանատվությունից, հավանաբար, մտածում է իր կաշին փրկելու մասին: Առանց Հայաստանում ավերատարանչական ընկերության հայաստանյան ներկայացուցչի, ոչինչ չի արվում»:
Արմեն Միքայելյանից հետաքրքրվեցինք` ինչպես է վերաբերվում այն փաստին, որ պատասխանող կողմի շահերը պաշտպանում է արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը: «Սա խոսում է այն մասին, որ կառավարության կազմում ու ղեկավար օղակներում կան աղանդավորներ: Հայտնի է, որ վերապատվելի Ռընե Լեւոնյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն էր»,- պատասխանեց Արմեն Միքայելյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 19-ին`ժամը15:00-ին:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ